Ուկրաինան դատի կտա Լեհաստանին, Հունգարիային և Սլովակիային հացահատիկի արգելքի պատճառով

Կիևը դատի կտա Լեհաստանին, Հունգարիային և Սլովակիային ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի արգելքը չհանելու պատճառով։

Այսպիսի հայտարարություն է արել Ուկրաինայի առևտրային ներկայացուցիչ Տարաս Կաչկան Politico-ի հարցազրույցում՝ նշելով, որ նման գործողություններն իրավաբանորեն անիրավաչափ են, և Կիևը մտադիր է պատասխան միջոցներ ձեռնարկել մրգերի և բանջարեղենների լեհական արտահանման նկատմամբ։

Նրա խոսքով՝ Կիևը նախատեսում է դատի տալ Առևտրի համաշխարհային կազմակերպության երկրներին։ «Ես կարծում եմ, որ ամբողջ աշխարհը պետք է տեսնի, թե ինչպես են ԵՄ անդամ պետություններն իրենց պահում առևտրային գործընկերների և դաշինքի գծով գործընկերների հանդեպ, որովհետև դա կարող է ազդել նաև այլ պետությունների վրա», տեղեկացրել է УНИАН-ը։

«Մեր կարծիքով՝ Հունգարիայի և Լեհաստանի այդ միջոցները հայտարարություն են Եվրահանձնաժողովի հանդեպ տոտալ անվստահության մասին... Կարևոր է ապացուցել, որ այդ գործողություններն իրավաբանորեն անիրավաչափ են։ Ուստի, մենք դատավարություն կսկսենք»,- ասել է Կաչկան։

Նա նաև նշել է, որ Լեհաստանի, Հունգարիայի և Սլովակիայի բացահայտ անհնազանդությունը Բրյուսելին պարզապես ԵՄ ներքին գործը չէ, այլ առաջ է բերել այն, ինչը նա անվանել է «ամենամեծ համակարգային խնդիրը»՝ կարո՞ղ են արդյոք միջազգային առևտրային գործընկերները վստահել նրան, ինչը Բրյուսելն ասում է ԵՄ անունից։

Կաչկան ասել է, որ Կիևը պատրաստ է ստանձնել պատասխանատվությունը, որպեսզի արտահանումն Ուկրաինայից ցունամի չառաջացնի հարևան երկրներում։

News.am