ԵՄ-ն պատրաստ է աջակցել Բաքվի և Ղարաբաղի հայերի երկխոսությանը

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ողջունել է դեպի Լեռնային Ղարաբաղ մարդասիրական բեռնափոխադրումների վերսկսումը։ Այս մասին Միշելը գրառում է արել X–ի իր միկրոբլոգում։

«Ողջունում ենք մարդասիրական բեռների միաժամանակյա անցումը Լաչինով և Աղդամով»,– գրել է Միշելը։

Նա հավելել է, որ այժմ այդ ամենը պետք է կանոնակարգվի։ Եվրախորհրդի ղեկավարն անդրադարձել է նաև Ադրբեջանի և Ղարաբաղի միջև երկխոսություն սկսելու անհրաժեշտությանը։

«Կարևոր է նաև Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև բանակցություններ սկսել նրանց իրավունքների և անվտանգության վերաբերյալ»,– գրել է Միշելը։

Նա շեշտել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել։

Հիշեցնենք` երեկ` սեպտեմբերի 17–ին, հայտնի դարձավ, որ Արցախի իշխանությունները որոշել են թույլ տալ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների տեղափոխումը` շեշտելով, որ խոսքը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով արտասահմանյան ծագում ունեցող հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխման մասին է` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով։

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ Ակնա-Ստեփանակերտ երթուղով ԿԽՄԿ-ն հումանիտար օգնություն է ուղարկել շրջափակված Արցախ։ Ադրբեջանում ԿԽՄԿ Ներկայացուցչի խոսքով՝ Աղդամով տարած բեռները ներառում են ալյուր և դեղորայք։

Sputnik Արմենիա