Լարված իրավիճակ Երևանում. քաղաքացիները փորձում են կառավարության շենք մտնել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ցուցարարները վանկարկում են` Արցախը մենք ենք, արցախցին մեր կարիքն ունի։
ՀՀ կառավարության շենքի մոտ լարված իրավիճակ է, բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները փորձում են մուտք գործել կառավարության շենք։ Ոստիկանների ու նրանց միջև հրմշտոց է սկսվել։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը փորձում է կարգավորել իրավիճակը և բանակցել քաղաքացիների հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիան քաղաքացիներին բերել է ՀՀ կառավարության շենքի մոտ։ Նրանք պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից։
Այս պահին հազարավոր քաղաքացիներ են հավաքվել կառավարության շենքի մոտ։
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանց խոսքով` միայն այդ դեպքում է հնարավոր փրկել Արցախն ու Հայաստանը։
«Ամոթ, Նիկոլ, դավաճա՛ն, Արցախը մենք ենք, արցախցին մեր կարիքն ունի»,–վանկարկում են ցուցարարները։
Sputnik Արմենիա