Անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. Բլինկենը խոսել է Ալիևի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և ապաէսկալացնել իրավիճակը։ Պետքարտուղարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել` նշելով, որ այս մասին պետքարտուղար Բլինկենն ասել է Ալիևի հետ հեռախոսազրույցում։

«Պետքարտուղարն ընդգծել է, որ իրավիճակի համար ռազմական լուծում գոյություն չունի, և որ կողմերը պետք է վերսկսեն երկխոսությունը՝ Բաքվի և Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի միջև շարունակվող տարաձայնությունները կարգավորելու համար»,– ասված է հաղորդագրության մեջ:

Հեռախոսազրույցի արդյունքում պետքարտուղարը նշել է նախագահ Ալիևի կողմից ռազմական գործողությունները դադարեցնելու և Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը։ Բլինկենն ընդգծել է այս քայլերի անհապաղ իրականացման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը սեպտեմբերի 19-ին հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Sputnik Արմենիա