Երևանում մեծ հանրահավաք կլինի. Թևանյանը կոչ է անում համազգային գործադուլ և դասադուլ անել
Երևանի Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 20-ի երեկոյան մեծ հանրահավաք է լինելու։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին հայտարարեց ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։
«Հայաստանի և Արցախի խնդիրները լուծելու միայն 1 հնարավորություն ունենք։ Պետք է կարողանանք պաշտպանել Արցախը, տեր կանգնել Հայաստանի Հանրապետությանը։ Պետք է ոտքի կանգնենք` անկախ մեր ունեցած ցանկացած տարաձայնությունից։ Պետք է համազգային գործադուլ և դասադուլ իրականացնել Երևանում և մարզերում։ Գործադուլը չի վերաբերում միայն առաջնային նշանակություն ունեցող ոլորտներին` դեղատներ, հիվանդանոցներ, հացի գործարաններ»,– ընդգծեց Թևանյանը։
Նա շեշտեց, որ հանրահավաքի նպատակը ոչ թե ցնցումների հասնելն է, այլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ըստ ընդդիմադիր քաղաքական գործչի` այս ամենին զուգահեռ պետք է ձևավորվի ընթացիկ կառավարման կոմիտե կամ օպերատիվ շտաբ։ Թևանյանը վստահեցրեց` այս պահին այդ ուղղությամբ աշխատանքներ են ընթանում։
Sputnik Արմենիա