Լյոկան ելույթ չի ունենա Սնուպ Դոգի համերգին. կչեղարկվի՞ ռեփերի համերգն ամբողջությամբ
Արցախցի ռեփեր Լյոկան (Վալերի Ղազարյան) հրաժարվել է Երևանում ելույթ ունենալ հայտնի ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի համերգի բացման ժամանակ։
«Արցախում ռազմական գործողությունների վերսկսումից անմիջապես հետո ես որոշում կայացրեցի հրաժարվել Սնուպ Դոգի համերգին ելույթ ունենալուց։ Իմ ընտանիքը, բարեկամները, ընկերներն այս պահին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Ի վիճակի չեմ ավելին ասելու», – գրել է Լյոկան Instagram-ի իր էջում։
Սոցիալական ցանցերում, միաժամանակ, բուռն քննարկվում է համերգն առհասարակ չեղարկելու հնարավորությունը Արցախում Ադրբեջանի հրահրած հերթական ագրեսիայի պատճառով։ Համերգի կազմակերպիչները հայտարարել են, որ հանդես կգան լրացուցիչ հայտարարությամբ:
Sputnik Արմենիայի տվյալներով` կազմակերպիչները դեմ չեն համերգը չեղարկելուն, սակայն ռեփերը չափազանց մեծ տուգանք է պահանջել և այժմ քննարկումներ են ընթանում նրա ներկայացուցիչների հետ։
Հիշեցնենք` Սնուպ Դոգի համերգը նախանշված է «Հրազդան» մարզադաշտում։ Կազմակերպիչը «Դոպինգ Սփեյս» ընկերությունն է։ Ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարությունը կազմակերպությանը 2,318,596.8 հազար դրամ է հատկացրել։