ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են բողոքի ակցիա անող բուժաշխատողների հետ
Կարմիր խաչի միջազգային կազմակերպության երևանյան գրասենյակի մոտ շուրջ 2 ժամ բողոքի ակցիա անող բուժաշխատողներից մի քանիսը հանդիպել են ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայաստանյան բուժաշխատողները հավաքվել են ԿԽՄԿ երևանյան գրասենյակի մոտ և պահանջում են ապահովել իրենց մեկնումն Արցախ, ինչպես նաև րոպե առաջ տարհանել վիրավորներին։
Բժշկական համայնքի ներկայացուցիչներն իրենց պահանջները ներկայացրել են Հայաստանի ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուն, խոսել Արցախում ստեղծված իրավիճակի մասին։
Ամատունին լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք մշտապես կոնֆիդենցիալ երկխոսությունն են վարում կողմերի հետ, որպեսզի կարողանան լուծումների հասնել` մարդասիրական հարցերն ուշադրության կենտրոնում պահելով։
Հարցին` արդյոք կարող են իրենք կազմակերպել Հայաստանից բուժաշխատողների տեղափոխումն Արցախ, Զառա Ամատունին շեշտեց` ԿԽՄԿ–ն չի կարող նման գործելաոճ որդեգրել։
«Մենք աշխատում ենք մեր մասնագետների օգնությամբ, բնականաբար համագործակցում ենք համապատասխան պատկան մարմինների հետ։ Ցանկացած որոշում կայացվում է կողմերի համաձայնությամբ, բայց մեր գործելաոճը, դրանից բացի, ենթադրում է, որ կարող ենք աշխատել միայն մեր անձնակազմի հետ»,– ասաց նա։
Ակցիայի մասնակից Արեգա Հովսեփյանը, որը ծնվել և մեծացել է Արցախում, նշեց, որ իրենք հստակ ասել են, որ բժիշկները սպասելու ժամանակ չունեն։
«Մեր հանդիպումը բավարար չէր, բայց որոշ խոսակցություններ էլ եղան, որոնք, կոնֆիդենցիալությունից ելնելով, չեմ բարձրաձայնի։ Մենք նաև ասացինք, որ ԿԽՄԿ–ն չպետք է սպասի այնքան, որ վիճակը ծայրահեղ լինի, քանի որ արդեն այդպիսին է»,– նշեց Հովսեփյանը։
Նշենք, որ բուժաշխատողները ԿԽՄԿ երևանյան գրասենյակի մոտ են եկել պաստառներով, որոնց վրա գրված է. «Բժիշկներն ուզում են գնալ Արցախ։ Տարհանեք վիրավորներին հենց հիմա։ Առողջության իրավունքը բոլորի համար է։ Ձեր աշխատանքը կատարեք։ Բժիշկներն Արցախի հետ են»։
Sputnik Արմենիա