Մարտակերտից 17 վիրավոր է տեղափոխվել Ստեփանակերտ

Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր Լեռնային Ղարաբաղում վիրավորների տեղափոխում է իրականացվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:

«17 վիրավոր անձ է այսօր տեղափոխվել մեր աջակցությամբ»,– ասաց նա։

Նշենք, որ վիրավորներին Մարտակերտից տեղափոխել են Ստեփանակերտ։

Երեկ հայտնել էինք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Մարտունուց 9 վիրավոր է տեղափոխվել Ստեփանակերտ։

Հավելենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սեպտեմբերի 19-ին բժշկական անհրաժեշտ պարագաներ է փոխանցել Արցախի երկու հիվանդանոցի։

Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:

Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։