Արցախում որոշում է ընդունվել 30 ավտոբուսով տեղահանվածներին անխոչընդոտ ՀՀ տեղափոխել
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված, անօթևան մնացած և Իվանյանում ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրի հարևանությամբ հանգրվանած քաղաքացիների հետ, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Ծանր կացության մեջ հայտնված քաղաքացիները ցանկություն են հայտնել տեղափոխվել ՀՀ-ում գտնվող իրենց հարազատների մոտ:
Ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում ընդունվել է որոշում, համաձայն որի հատկացվել է թվով 30 ավտոբուս՝ վերոնշյալ քաղաքացիներին անխոչընդոտ ՀՀ տեղափոխելու նպատակով:
«Վերոնշյալ՝ անօթևան մնացած և ծանր կացության մեջ հայտնված քաղաքացիների տեղափոխման գործընթացն ավարտելուց հետո մեր բոլոր այն հայրենակիցները, ովքեր ցանկություն ունեն տեղափոխվել ՀՀ, առաջիկա ամիսներին կունենան այդ հնարավորությունը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Այն քաղաքացիները, ովքեր ռազմական գործողությունների հետևանքով ստիպված չէին լքել իրենց տներն ու բնակավայրերը, պետք է սպասեն գործընթացի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության: