Ֆրանսիան այժմ շատ զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ. Մակրոն

Ֆրանսիան այժմ շատ զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում։ Այս մասին ֆրանսիական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Հարցազրուցավարներից մեկը հարցրել է, որ հայկական ծագում ունեցող ֆրանսիացիներին շատերին մտահոգում է այն հարցը, թե ինչու է Ֆրանսիան միայն խոսքով սատարում հայերին։

«Աջակցությունն ի սկզբանե եղել է անվերապահ, և իրենք (հայերը - խմբ.) գիտեն այդ մասին»,–ասել է Մակրոնը։

Վերջին օրերին, նրա խոսքով, Ադրբեջանը «անընդունելի հանցագործություններ և ռազմական գործողություններ է կատարել Լեռնային Ղարաբաղում»։

Առաջին հերթին, նրա խոսքով, Ֆրանսիան կշարունակի Ղարաբաղին մարդասիրական օգնության նախաձեռնությունները՝ սննդի և այլ կարիքների ապահովման տեսքով։ Քաղաքական մակարդակում Ֆրանսիան կշարունակի աջակցությունը, որ կայուն խաղաղության համաձայնագիրը, որը հնարավոր է ձեռք բերել միայն բանակցությունների միջոցով, հաշվի առնի և հարգի ազգային փոքրամասնությունների իրավունքները, մասնավորապես Լեռնային Ղարաբաղում։

«Եվ երրորդ. Ֆրանսիան այժմ շատ զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, քանի որ հենց դա է վտանգված»,- ասել է Մակրոնը։

Նա նաև հայտարարել է, որ Թուրքիան բացահայտորեն աջակցել է Ադրբեջանի այս գործողություններին և այժմ սպառնում է Հայաստանի սահմաններին։

«Այժմ սրանք են ռիսկերը։ Ֆրանսիան կաջակցի հայ ժողովրդին՝ միջազգային իրավունքին համապատասխան»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։

Sputnik Առմենիա