Հարյուրավոր մարդիկ կորցրել են կապը հարազատների հետ, նրանք Կարմիր խաչ են դիմում. Էթերի Մուսայելյան
Լաչինի միջանցքի ծանրաբեռնված լինելու պատճառով Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարողացել երեկ եւ այսօր բեռնափոխադրումներ կատարել Արցախ: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց Արցախում ԿԽՄԿ առաքելության մամուլի քարտուղար Էթերի Մուսայելյանը:
«Ճանապարհը շատ ծանրաբեռնված է, իսկ երկու օր առաջ մոտ 70 տոննա բեռ ենք տեղափոխել Լաչինի միջանցքով»,- նշեց Մուսայելյանը:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված պատերազմի հետեւանքով դեռ անհետ կորած մարդիկ կան:
«Այս օրերին ԿԽՄԿ են դիմում մարդիկ, որոնք կորցրել են կապն իրենց հարազատների հետ, հստակ թիվ չեմ կարող ասել, այն անընդհատ փոխվում է: Մենք արձանագրում ենք այն դիմումները, երբ մարդը կորցրել է կապը հարազատի հետ կամ կասկածներ կան, որ այդ մարդն անազատության մեջ է: Դիմումները հարյուրից ավելի են: Կան դիմումներ, որտեղ մարդիկ ահազանգել են, որ իրենց անչափահաս երեխաներից լուր չունեն»,- ասաց Էթերի Մուսայելյանը: