Ծանր իրավիճակ է, մարդիկ ՀՀ են հասնում թերսնուցված. Անահիտ Մանասյան

Արցախից բռնի տեղահանված, Հայաստանի Հանրապետություն տեղափոխված մարդկանց վիճակը ծանր է, նրանք թերսնուցված են։ Գորիսի հաշվառման կայանում Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` նշելով, որ իրենց թիմը մինչ լուսաբաց տեղում աշխատել է։

«Շատ բարդ իրավիճակ է, որովհետև մեծ թվով մարդիկ են գալիս, ընդ որում` շատերը թերսնուցված են»,– ասաց Մանասյանը։

Թերսնուցման պատճառով շատերը բուժօգնության կարիք ունեն, որն արդեն տեղում տրամադրվում է քաղաքացիներին։

«Միանշանակ է, որ պատկերը շատ վատն է հումանիտար և մարդու իրավունքների տեսանկյունից»,– շեշտեց Մանասյանը։

Ինչ վերաբերում է այն հարցին, որ մարդիկ են եղել, ովքեր ստիպված են եղել գիշերն ավտոմեքենաներում անցկացնել, Մանասյանը նշեց` հարցն այն է, որ շատերը հենց գիշերն են տեղ հասել։ Հաշվառումը, կարիքների գնահատումը, բուժօգնության, սննդի տրամադրումը, ապա կացարաններում տեղավորումը որոշակի ժամանակ է պահանջում։

Sputnik Արմենիա