...ԵՎ ԴՐԱ ՀԱՄԱՐ ՀՌՈՄԻ ՍՏԱՏՈՒՏՆ ԱՄԵՆԵՎԻՆ ՊԵՏՔ ՉԷ

Օրերս ֆեյսբուքյան ամենաակտիվ խմբերից մեկում՝ «Հարթակ-22»-ում զետեղվեց Կարեն Վրթանեսյանի հետևյալ գրառումը. «Տեղեկություններ ունեմ, որ նիկոլաթուրքական վարչակարգի ներկայացուցիչները Գորիսում խոչընդոտում են, ամեն կերպ արգելում են միջազգային մեդիաների ներկայացուցիչներին շփվելու Արցախից դուրս եկող մեր հայրենակիցների հետ։ …Չեն թողում արտասահմանյան լրագրողներին նաև հիվանդանոցներ, որտեղ արցախցի քաղաքացիական վիրավորներն են։ Սա չենք կարող դիտարկել որպես այլ բան, քան Երևանից գործուն օգնություն Բաքվին՝ կոծկելու Արցախում մեր հայրենակիցների ցեղասպանությունը։ Կրկնում. իմ ունեցած տվյալներով նիկոլաթուրքական օկուպացիոն վարչակարգը չի թողնում, որ միջազգային մեդիայի ներկայացուցիչները տեղում լուսաբանեն իրավիճակը, խոսեն արցախցիների հետ, ներկայացնեն իրականությունն աշխարհին»։

ՈՉ, ՄԵՆՔ ԻՀԱՐԿԵ ՉԵՆՔ ԶԱՐՄԱՆԱ: Քանզի խոսքը մեկ լայնածավալ ոճրագործության մասնակիցների մասին է, որում հանցակիցներից մեկը լվանում է մյուսի ձեռքերը, օգնելով թաքցնել ընդհանուր ոճիրը։ Հիշեցնեմ, սակայն, փաշինյանական վեցնոցներից մեկի՝ Էդմոն Մարուքյանի վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ Հռոմի տխրահռչակ ստատուտը Հայաստանի կողմից վավերացվելու է, իբր, Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու նպատակով։

Նույնիսկ չգիտենք, թե ինչն է այստեղ ավելի շատ. երեսպաշտությունը, ստորությունը, թե ցինիզմը: Քանզի Նիկոլի «հատուկ հանձնարարություններով դեսպանին» գերազանց հայտնի է, որ իր շեֆը ոչ միայն երբեք դատի չի տա ու պատասխանատվության չի ենթարկի իր գործընկերոջը, այլև հակառակը՝ ամեն ջանք կգործադրի նրա ոճիրը կոծկելու համար։ Այն խոսքերը, թե «Արցախի ժողովրդին ոչինչ չի սպառնում», դրա վառ ապացույցն են, ընդ որում լոկ մեկը՝ բազում ապացույցներից։

44-օրյա պատերազմից հետո անցած երեք տարիների ընթացքում նման մտադրությունների նույնիսկ նշույլի բացակայությունը ոչ պակաս համոզիչ ապացույց է, թեև ամենատարբեր ձևաչափերի ապացույցների՝ տեսանյութերի, լուսանկարների, ականատեսների ցուցմունքների հավաքված քանակն առավել քան բավարար է դատարաններ դիմելու համար: Հիշենք Շուշիում ծերունու գլխատման, Հադրութում հայ գերիների ու երկու քաղաքացիական անձանց գնդակահարության, խաղաղ բնակիչների խոշտանգման ու ծանակման զարհուրելի կադրերը, ֆոսֆորային զինամթերքի օգտագործումը, միջազգային ահաբեկիչների և վարձկանների ներգրավումը և այլն, և այդպես շարունակ... Հիշենք նաև Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի փաստերը. դիակների մասնատումն ու պղծումը, այդ թվում՝ կանանց։

Այդ գազանություններն անող ադրբեջանցի բարբարոսները նույնիսկ չէին թաքցնում իրենց քիթմռութը՝ շատ լավ իմանալով, որ ոչ մի պատիժ չեն կրելու։ Այդ թվում նաև այն պատճառով, որ Փաշինյանը իրենց բոլորին կպաշտպանի ու կազատի պատժից, թույլ չտալով ո՛չ քննություն, ո՛չ դատ, ո՛չ պատիժ։

Այսօր բառացիորեն մեր աչքի առաջ տեղի է ունենում Հայոց ցեղասպանության հերթական փուլը, որը կրկին ու կրկին ուղեկցվում է հրեշավոր հաշվեհարդարներով։ Մենք դեռ բազմաթիվ սահմռկեցուցիչ պատմություններ կիմանանք այն մասին, օրինակ, թե ինչպես են Սառնաղբյուրում սպանել 8 և 10 տարեկան երկու տղաների: Համացանցում դեռ կհայտնվեն սարսափելի տեսանյութեր, որոնցում մարդակերները կպարծենան իրենց «սխրանքներով»։ Մենք դեռ չգիտենք, թե քանի արցախցի, այդ թվում՝ խաղաղ բնակիչ է գերեվարվել, քանի հայի ճակատագիր այդպես էլ կմնա անհայտ։ Մենք դեռ շատ բան չգիտենք, բայց իմանալով՝ կզարհուրենք, և դրան պետք է պատրաստ լինել։

ԲԱՅՑ ԿԱ ՀԱՐՑԻ ՆԱԵՎ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԸ։ Սյունիքի անցակետերով անցնում են հանցագործությունների ականատես դարձած, հետևաբար՝ արժեքավոր տեղեկատվության կրող տասնյակ ու հարյուրավոր մարդիկ: Այդ տեղեկությունների ինչ-որ փշրանքներ հայտնվում են մամուլում՝ չնայած փաշինյանական ռեժիմի բոլոր ջանքերին։ Բայց փաստն այն է, որ անհրաժեշտ է աշխատանք՝ բացահայտելու համար, թե ինչ է կատարվել Արցախում բոլոր այս սարսափելի օրերին։ Այդ տեղեկատվությունը չպետք է կորչի. այդ վկայությունները պետք է դառնան Ադրբեջանի, դրա ղեկավարների և զինվորականների հանցագործությունների բացահայտման մեկ ընդհանուր երկար շղթայի օղակները:

Մենք, ցավոք, արդեն ունենք այդ կարգի հարուստ փորձ։ «Սումգայիթից» անմիջապես հետո, երբ Հայաստան եկան ահռելի թվով փախստականներ, մի խումբ էնտուզիաստներ կարողացան կազմակերպել փաստերի և ականատեսների ցուցմունքների հավաքման աշխատանքներ։ Ընդ որում դա արվում էր նաև Խորհրդային Հայաստանի գլխավոր դատախազության մակարդակով։ Արդյունքում ունենք «սումգայիթի» վերաբերյալ վկայությունների հարուստ արխիվ, որը մշակվել և հրատարակվել է մի քանի ժողովածուների տեսքով և կայքերում: Ինչը, ցավոք, չես ասի, օրինակ, Բաքու-1990-ի «սև հունվարի» մասին, որի վերաբերյալ ականատեսների վկայությունները կազմում են այն արխիվի չնչին մասը, որ կարելի էր ստանալ պատշաճ աշխատանքի դեպքում։

Մի բան պարզ է. այսօրվա աղետի ողջ վիթխարի ծանրությամբ ու ողբերգականությամբ հանդերձ, մոտ ապագայում մեզ սպասվող ամենի անորոշությամբ հանդերձ, Ադրբեջանի հանցագործությունների վերաբերյալ փաստահավաք աշխատանքները պետք է շարունակվեն: Դա արդեն վարում են որոշ հասարակական կազմակերպություններ, մասնավորապես՝ «Թաթոյան» հիմնադրամը, սակայն տեղի ունեցածի մասշտաբը դժվար թե կարելի է ընդգրկել մեկ-երկու կազմակերպության աշխատանքով։

Հենց այս թեման օրերս բարձրացրեց արդարադատության նախկին նախարար, ժամանակին սումգայիթյան վկայությունների վերաբերյալ աշխատանքներին ակտիվորեն մասնակցած պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։ Նրա խոսքերով՝ զուտ իրավական տեսանկյունից այսօր պետք է կատարվի անհրաժեշտ աշխատանքը, հետո ոչ միայն ուշ, այլև անհնար կլինի:

«Մեկ քրեական գործի վարույթի շրջանակերում հնարավորինս սեղմ ժամկետում հարկ է յուրաքանչյուր բռնի տեղահանվածի հանգամանորեն հարցաքննել՝ կիրառված բռնությունների, թողնված կամ ոչնչացված անշարժ ու շարժական գույքի, դրանց առկայությունը հավաստող ապացույցների և նմանաբնույթ այլ հարցերի առնչությամբ:

Քրեական գործին հարկ կլինի կցել  ցուցմունքների հավաստիությունը հիմավորող փաստաթղթեր և այլ ապացույցներ, ընդհուպ՝ հեռախոսներով և այլ սարքավորումներով կատարված նկարահանումները:

…Ինչ խոսք, սա ահռելի ծանր ու աշխատատար գործընթաց է, սակայն հաշվի առնելով իբր միլիարդների հասնող պատճառված վնասի դիմաց Հայաստանի տարածքներից, մասնավորապես Սյունիքն ամբողջությամբ հանձնելու թուրքիայի հոխորտանքները, ինչպես նաև այդ մարդկանց կարգավիճակը հստակեցնելու հրատապ հարցադրումները և այլն, վստահ եմ, որ կգտնվեն կամավորներ»,- գրել է Դանիելյանը՝ նշելով, որ ինքն անձամբ պատրաստ է անհատույց իրականացնել այդպիսի աշխատանք։

Մենք իրավունք չունենք թևաթափ լինելու՝ մտածելով, թե ամեն ինչ վերջացած է։ Մենք պետք է, պարտավոր ենք մտածել Հայաստանի վերածննդի և Արցախի վերադարձման մասին, անգամ եթե դա պահանջի տարիներ ու տասնամյակներ։ Մենք պարտավոր ենք մտածել վրեժի մասին՝ բառի ամենալայն և ճիշտ իմաստով, այդ թվում՝ հայ ժողովրդի դեմ զանգվածային և բազմաթիվ հանցագործությունների համար հանցագործին պատժի ենթարկելու մասին։ Ունենալով թուրքական շահերը բացահայտ սպասարկող հակահայկական իշխանություն՝ այդ աշխատանքը նույնպես ընկնում է հանրության, առաջին հերթին՝ կամավորների ուսերին։

Հետո կարող է իսկապես ուշ լինել, մանավանդ հաշվի առնելով այն տխուր փաստը, որ ականատեսներից շատերը, ինչպես Բաքվի հայերի դեպքում, անկասկած կհեռանան Հայաստանից։ Իրենց հետ տանելով շատ դեպքերում անգին քանակի տեղեկատվություն, որը կարող է և պետք է դառնա Հայ դատի մեկ ընդհանուր ծավալուն թղթապանակի՝ Արցախում Հայոց ցեղասպանության փաստի մասնիկը: