ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ ՏՈԳՈՐՎԱԾՆԵՐԸ

Քաղաք-ուրվական: Դեռևս մի քանի շաբաթ առաջ այսպես բնութագրեց երբեմնի ծաղկուն Ստեփանակերտը Ալ-Ջազիրա հեռուստաալիքի թղթակիցը։ Ուրվական քաղաք, որտեղ մնացել են միայն սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդիկ, Կարմիր խաչի աշխատակիցները և սակավաթիվ ծառայողներ, որոնք դեռևս չեն ավարտել որոնողական աշխատանքները: Եվ սնունդ փնտրող սոված շներ: Նույնպիսի քաղաք- ուրվականներ են Ասկերանը, Մարտունին, Մարտակերտը…

Ե՞ՐԲ Է ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԻՇԱՏԱԿՎԵԼ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ: Քանի՞ տարվա պատմություն ունի հայկական Արցախը։ Հազա՞ր։ Երկո՞ւ հազար։ Երե՞ք։ Դժվար է միանշանակ պատասխանել այս հարցին, քանի որ պատասխանը տանում է դեպի անհիշելի ժամանակներ: Քրիստոնեական տաճարները կարող են միայն մոտավոր պատասխան տալ այս հարցին:

Քանի՞ տարի պահանջվեց «Քաղաքացիական պայմանագրին», որպեսզի ի չիք դարձնի երկրամասի հայությունը, Արցախի պետականությունը։ 5 տարի... Փայլուն նվաճում, ֆենոմենալ: Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու արժանի:

Հպարտությամբ տոգորվածներն այսօր ինչ-որ զարմանալի համեստություն են դրսևորում... Ասում են, թե, հասկանում եք, բոլորն էլ մեղավոր են... Ինչի՞ համար է նման համեստությունը: Պետք չէ խեղճանալ։ Ասացեք, որ մեղավոր են բոլորը, բացի «Քաղաքացիական պայմանագրից»։ Փտած Արևմուտքն է մեղավոր։ Փտած Ռուսաստանն է մեղավոր։ Փտած նախկիններն են մեղավոր: Փտած բանակն է մեղավոր։ Արցախի փտած իշխանությունները։ Ոչ մեկին չմոռացա՞նք: Ախ հա՜, ղարաբաղցիները, բոլորը միասին, ինչպես պնդում են ռոմուլիկ բաղդասարյանն ու իր նմանները։

Բայց դուք՝ «Քաղաքացիական պայմանագիրը», մեղավոր չեք։ Որովհետև դուք ախր պայքարում եք ինքնիշխանության համար։ Դա երևում է անզեն աչքով։ Դա այնքա՜ն ակնհայտ է, թե ոնց եք տառապում այդ անողոք պատերազմում։ Ինչ զրկանքների եք բախվում, բայց բռունցքները սեղմած՝ չեք նահանջում նախանշված ուղուց։ Քանի որ դուք ախր հպարտ թիմ եք և արդեն մեծ հաջողությունների եք հասել այդ պայքարում ։

Հայրենիքը լքած 100 հազար փախստականնե՞ր։ Հազարավոր զոհե՞ր մշտական ռազմական գործողությունների արդյունքում: Նայում ես այսօրվա Ստեփանակերտի կադրերին ու լիաթոք շնչում այսօրվա Հայաստանի հպարտությամբ տոգորված իշխանությունների ինքնիշխանության հոտը։

Դուք այսօր էլ ինքնիշխանության համար պայքարի անտեսանելի ճակատի ամենավտանգավոր հատվածում եք. Հռոմի ստատուտը։ Եվ ոչինչ, որ ինքներդ եք խոստովանում, որ փաստ չէ, թե խորհրդարանի կողմից դրա վավերացումը կարող է ինչ-որ բանով օգնել Հայաստանին իր այսօրվա խնդրի լուծման հարցում։ Այո, իհարկե, փաստ չէ, թե ինչ-որ բանով կօգնի: Դուք ինքներդ եք խոստովանում, որ դա նույնիսկ կարող է վնասել, քանի որ Մոսկվայում նման որոշումն ընկալում են որպես թշնամական քայլ։ Եվ ոչինչ, որ Պետրոսը, նույնիսկ Պետրոսը, հարց է տալիս. իսկ կշռադատե՞լ է արդյոք «Քաղաքացիական պայմանագիրը» հետևանքները։ Ծանրութեթև արե՞լ են արդյոք, թե ինչն է մեզ համար ավելի կարևոր. Հռոմի ստատուտի վավերացումը՝ այն ըմբռնումով, որ դժվար թե այդ քայլը ինչ-որ կերպ օգնի Բաքվի և Անկարայի հետ դիմակայության հարցում, թե՞ Մոսկվայի արձագանքը։

Բայց ախր դա չէ գլխավորը, պետք է հասկանալ։ Գլխավորն այն է, որ դա ինքնիշխանության համար պայքարի տարր է։ Եվ հետևաբար՝ թող Մոսկվայում թեկուզ պատեպատ տան իրենց: Մի կողմ քաշվեք, երբ խրոխտ քայլում է «Քաղաքացիական պայմանագիրը»։ Հպարտ մարդկանց հպարտ թիմը, որը պայքարում է իր ինքնիշխանության համար: