ՀՀ–ն միջոցներ կձեռնարկի` ԼՂ առաջնորդների և այլոց ձերբակալությունների մասով. ԱԳՆ
ՀՀ արտգործնախարարությունը պատրաստվում է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները` Լեռնային Ղարաբաղի առաջնորդների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց ապօրինաբար ձերբակալությունների մասով պաշտպանել նրանց իրավունքները միջազգային, այդ թվում՝ դատական ատյաններում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։
ԱԳՆ–ն նաև խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների և մյուս պաշտոնյաների ձերբակալությունները։
Նշվում է` չնայած նրան, որ Ադրբեջանի պաշտոնյաները հայտարարում են ԼՂ ներկայացուցիչների հետ երկխոսության, հայերի իրավունքների հարգման և պաշտպանության, նրանց վերադարձը ԼՂ չխոչընդոտելու պատրաստակամության, տարածաշրջանում խաղաղության հաստատման մասին, միևնույնն է, նրանց իրավապահները շարունակում են կամայական ձերբակալությունները:
«Հայաստանի Հանրապետությունը բազմիցս, այդ թվում՝ սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հարթակից, բարձրաձայնել է այդպիսի գործողությունների բացառումը երաշխավորելու անհրաժեշտության մասին։ Սեպտեմբերի 28-ին Հայաստանն արդեն իսկ դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան։ Համաձայն դիմումի` ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով միջնորդվել է ժամանակավոր միջոց կիրառել` Ադրբեջանից պահանջելով ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղի ներկայիս կամ նախկին ղեկավարության կամ զինվորականների նկատմամբ պատժիչ գործողություններից»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ ԱԳՆ–ն նաև կոչ է արել միջազգային գործընկերներին հետամուտ լինել մինչ օրս Ադրբեջանին ուղղված բոլոր՝ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանության վերաբերյալ իրենց ուղերձներին և խնդիրը հասցեագրել թե´ Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների տիրույթում, թե´ տարբեր միջազգային ատյաններում։