Խաչատրյան․ ԼՂ-ից տեղահանվածներից ոմանք չեն օգտվի 40 000 դրամ աջակցությունից

Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանցից ոչ բոլորը կօգտվեն Հայաստանում բնակության ծախսերի համար տրամադրվող գումարից։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով կտրամադրվի ամսական 40 հազար դրամ։ Յուրաքանչյուր անձի կտրվի նաև 10 000 դրամ կոմունալ բոլոր ծախսերի համար։

«Այս գումարների տրամադրման առումով մի բացառություն կլինի։ Այն բոլոր հայրենակիցները, որոնք Հայաստանում բնակարան ունեն, նրանք և իրենց ընտանիքի անդամները այդ աջակցությունից չեն օգտվի։ Դա տրամաբանական է։ Մնացած բոլորը կօգտվեն»,– ընդգծեց Խաչատրյանը։

Sputnik Արմենիա