Միրզոյան․ ՄԱԿ-ը պատրաստվում է չեղարկել ԼՂ-ում իր վերջին առաքելության եզրակացությունը

ՄԱԿ–ը հայտարարություն է պատրաստում, որտեղ, ի թիվս այլ բաների, կնշվի, որ Լեռնային Ղարաբաղ մեկնած առաքելության անդամների եզրակացությունը չի արտահայտում իրենց տեսակետը: Այս մասին ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Որքանով ինձ հայտնի է` նախապատրաստվում է ՄԱԿ–ի` համապատասխան գործակալության հայտարարությունն այն մասին, որ նշված առաքելության եզրակացությունները չեն պատկանում ՄԱԿ–ին։ Համենայն դեպս, սրանք էին ինձ տրված հավաստիացումները։ Սպասենք, կտեսնենք»,– հավելեց Միրզոյանը։

Նա կրկնեց, որ Հայաստանը ամիսներ շարունակ դիմել Է ՄԱԿ–ին և պահանջել միջազգային կազմակերպությունների, առաջին հերթին ՄԱԿ–ի և նրա գործակալությունների արձագանքն ու միջամտությունը: ՀՀ իշխանությունները ևս մեկ անգամ ընդգծում են, որ միջազգային կազմակերպությունները, ցավոք, համարժեք արձագանք չեն ցուցաբերել։

«Ուզում եմ հույս հայտնել, որ ՄԱԿ–ն իր գնահատականը կարտահայտի, թեև ուշացումով»,– հայտարարել է Միրզոյանը։

Sputnik Արմենիա