ՅՈւՆԵՍԿՕ-ն Հայաստան կուղարկի արտակարգ առաքելություն՝ փախստականների ընդունմանն օգնելու համար

Հայաստանի խնդրանքով առաջիկա օրերին ՅՈւՆԵՍԿՕ-ն Հայաստան կուղարկի արտակարգ առաքելություն՝ փախստականների ընդունման հարցում օգնություն ցուցաբերելու համար։ Այն կուղարկվի կրթության անընդհատության ապահովման և փսիխոսոցիալական աջակցության ցուցաբերման համար, նշել է ՅՈւՆԵՍԿՕ-ն։

Անցած օրերին ավելի քան 100 հազար մարդ հեռացել է Արցախից և փախել Հայաստան։ Նրանց մոտ մեկ երրորդը երեխաներ և դեռահասներ են։

Երկուշաբթի՝ հոկտեմբերի 2-ին, Հայաստանը պաշտոնապես դիմել է ՅՈւՆԵՍԿՕ-ին՝ խնդրելով աջակցել բնակչության այդ խմբերին ընդունելու և օգնություն ցուցաբերելու հարցում, կրթության ոլորտում կազմակերպության մանդատի շրջանակում։ ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն արագ արձագանքել է այս խնդրանքին։

Առաջիկա օրերին ՅՈւՆԵՍԿՕ-ն Երևան կուղարկի փորձագետների խումբ ազգային իշխանությունների հետ համատեղ աշխատելու համար, որպեսզի ապահովվի տեղահանված աշակերտների կրթության անընդհատությունը։

Գործողությունների այդ պլանը կուղղվի ուսուցման պատշաճ պայմանների ապահովմանը, ուսման որակի բարձրացմանն ուղղված ծրագրերի հասանելիությանը, ինչպես նաև դժվար իրավիճակների, որոնցում հայտնվել են աշակերտները, հաղթահարման փսիխոսոցիալական աջակցությանը։

Առաջիկա օրերին ՅՈւՆԵՍԿՕ-ն նախատեսում է նաև կազմակերպել հանդիպում միջազգային գործընկերների և դոնորների մասնակցությամբ, որպեսզի հավաստիանա նրանց աջակցության (այդ թվում ֆինանսական) հարցում՝ կրթական նախաձեռնությունների իրականացման նպատակով։

News.am