Է՞Լ ԻՆՉ Է ՀԱՆՁՆԵԼՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Ինչպիսի՞ն է ընդհանուր գծերով ապագա տարածքային զիջումների «ճանապարհային քարտեզը»

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների մասին ապագա համաձայնագրի առանցքային դրույթներից մեկը վերաբերում է այսպես կոչված «անկլավներին» և նախկինում չհամաձայնեցված՝ 30% կազմող հարցերին: Ապագա փաստաթղթի տեքստի 70%-ն արդեն համաձայնեցված է: Հանդիպման նախօրեին Ալիևը խոսել է դիրքորոշումների մերձեցման մասին։ Ինչո՞ւ նա, ճանաչելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, չի շտապում դուրս բերել զորքերը 2021 թվականի մայիսի 12-ի ներխուժումից հետո և 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ագրեսիայի արդյունքում բռնազավթած տարածքներից։

Ռեժիմի պարագլխի թիմակիցները կրկնում են, որ փաստաթղթի ստորագրումը ծրագրված է մինչև ընթացիկ տարեվերջ կամ 2024 թվականի սկզբին՝ Վաշինգտոնի հովանու ներքո։ Ճիշտ ժամանակն է հիշեցնելու, որ 2022 թվականի սեպտեմբերին ԱՄՆ մայրաքաղաքում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ տեղի ունեցան բանակցություններ ինչ-որ փաստաթղթի շուրջ, որում հայերը նշված էին որպես ազգային փոքրամասնություն։ Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի գնահատմամբ, այդ բանակցությունները ստեղծեցին մի իրավիճակ, երբ «Ալիևը ստացավ ամեն ինչ, ուստի զիջումների գնալու չնչին իսկ ցանկություն չունի»:

Սրան կարելի է հավելել թերևս միայն այն, որ 2023թ. հուլիսի 15-ին Բրյուսելում Փաշինյանի, Միշելի և Ալիևի հանդիպումից հետո հայտնվեց այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հայտարարությունը։ Ու թեև Միշելի հայտարարության մեջ այդ մասին ոչ մի բառ չկար, ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացնում էին, որ եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել է «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը իրենց տներ։ Դրանից 10 օր անց Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ անուղղակիորեն հաստատեց, որ նման քննարկում եղել է։

Նշված իրադարձություններն ամենասերտ կապ ունեն անվտանգության այն կառույցների անարդյունավետության մասին Փաշինյանի հայտարարության հետ, որոնց անդամ է Հայաստանը։ Այս հայտարարությունն ուղիղ կապ ունի խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների եզրափակիչ փուլի հետ։ Մոսկվայից պատասխանեցին, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը համոզում են ՀՀ ղեկավարությանը դուրս գալ ՀԱՊԿ-ից և խորացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ։ Այս խորապատկերը պետք է հաշվի առնել այն կանխատեսումներում, թե ինչ փաստաթուղթ կստանանք «արդյունքում»՝ բանակցությունների եզրափակիչ փուլից հետո, որոնք ընթանում են Վաշինգտոնի հսկողության ներքո։ Արցախի Հանրապետության դեմ իրականացված ցեղասպանությունը տարածաշրջանում ազդեցության ոլորտների վերաբաշխման հերթական փուլն էր։ Հավաքական Արևմուտքը փորձում է ընդլայնել իր ներկայությունը Հարավային Կովկասում Ռուսաստանի հաշվին՝ հենվելով Բաքվի, Անկարայի և Փաշինյանի ռեժիմի վրա, որը համառորեն տանում է Հայաստանին ինքնաոչնչացման ուղիով՝ տարածքային զիջումների համաձայնության միջոցով։ Ողջ հույսը Իրանն է, որը դիմադրում է սահմանների վերաբաշխման փորձերին՝ միայնակ խոչընդոտելով Օսմանյան կայսրության վերստեղծմանը։

Վերջերս ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի Երևան կատարած այցը վերլուծաբանները հավասարեցրեցին Կրեմլի վերջին փորձի՝ վերադարձնելու ՀՀ ղեկավարությանը փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված փոխգործակցության բնականոն ռեժիմի։ Փորձը ձախողվեց, Փաշինյանի ռեժիմը դուրս մղեց ՌԴ-ին բանակցություններից՝ շեփորելով, թե պետական անվտանգության հարցում չի կարելի բոլոր ձվերը դնել մի զամբյուղի մեջ։ Մի հարցնող լինի. իսկ դուք այսօր ինչո՞վ եք զբաղված: Հույս ունեք, թե Արևմուտքը ճնշում կգործադրի Ալիևի վրա և կստիպի հրաժարվե՞լ «անկլավներից» ու «Զանգեզուրի միջանցքից»։

Փաշինյանի արեվմտյան խաղերը տանում են դեպի նոր աղետ. Արցախի հանձնմանը կհաջորդի ինքնիշխան Հայաստանի տարածքների մի մասի օտարումը։ Տավուշում միայն 3 «անկլավների» հանձնումը կհանգեցնի Հայաստան-Վրաստան ճանապարհի կաթվածահարության։ Քիչ կգտնվեն քաղաքացիներ, որոնք չեն երթևեկել Իջևանից Նոյեմբերյան, ապա Բագրատաշեն տանող մայրուղով։ «Անկլավների» հանձնումից հետո այն կդադարի գոյություն ունենալ։

Հաղորդակցություններից բացի, պետք է հաշվի առնել մարդկային գործոնը։ Ավելի քան երեք տասնամյակ շարունակ այդ «անկլավների» տարածքում մարդիկ են ապրում, տնտեսություն վարում, երեխաներ մեծացնում, որպեսզի մի գիշերում սեփական տներից վտարվածներ ու բռնի տեղահանվածնե՞ր դառնան իրենց իսկ երկրում՝ տմարդի ղեկավարության մեղքով։ Այսօր բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ «անկլավների» բնակչությունը կարող է կիսել Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանվածների ճակատագիրը։

Արցախում ցեղասպանության հետևանքով ստեղծված իրավիճակը ինչ-որ կերպ հանդարտեցնելու նպատակով Փաշինյանի ռեժիմը շտապեց բթացնել զանգվածների զգոնությունը հերթական հեքիաթով, թե իբր՝ Թուրքիան և Ադրբեջանը հրաժարվել են «Զանգեզուրի միջանցքի» հարցը ուժի միջոցով լուծելու մտքից և, հաշվի առնելով հայկական կողմի դիրքորոշումը, որոշել են, որ «միջանցքն» անցնելու է Իրանի տարածքով։

Ժողովրդին կրկին ապուշի տեղ են դրել, քանզի Իրանի տարածքով ճանապարհի մասին ապառնի ժամանակով խոսելն անհեթեթ է. այդ ճանապարհը գոյություն ունի արդեն 30 տարի։ Իրավիճակը միանգամայն հստակ է մեկնաբանել տրանսպորտի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանը. «Այդ ճանապարհը գործում է 1991-1992 թթ.-ից: Այն 1-ին կարգի է՝ 3 երթագծով, ինչպես մեր ճանապարհը Սիսիանում. 3 մեքենա կարող է միաժամանակ շարժվել կողք կողքի, երրորդը՝ հանդիպակաց գծով: Այնպես որ ավտոճանապարհի վերաբերյալ նրանք ոչ մի նոր բան չեն ասել, իսկ եթե նախատեսում են երկաթուղու կառուցում, ապա ներկայումս ապրողներից ոչ մեկը այդ ճանապարհը կառուցված չի տեսնի։ Խոսքը շինարարության համար շատ անբարենպաստ ռելիեֆի մասին է, ուստի դրանք խոսակցություններ են լոկ խոսելու համար»։

Անդրադառնալով Իրանի տարածքով ավտոմոբիլային կապի առկայության դեպքում «Զանգեզուրի միջանցք» ստանալու Բաքվի և Անկարայի ցանկությանը՝ Քոչինյանն ընդգծեց. «Եթե ճանապարհը տրամադրվի «միջանցքի» տեսքով, ապա դա նշանակում է, որ նրանք կմտնեն և կամրանան ՀՀ տարածքում։ Իսկ եթե խոսում ենք կապող ճանապարհի մասին, ապա ով ասես կարող է օգտագործել այն: Այսօր իրանական մեքենաները ՀՀ տարածքով գնում են Վրաստան, Ռուսաստան և այլ վայրեր... Վառելիք են լցնում ու սնվում մեզ մոտ, տեղավորվում մեր հյուրանոցներում, այդ ամենի համար կատարվում են համապատասխան վճարումներ։ Կապող ճանապարհը ձեռնտու է, իսկ «միջանցքը»՝ ոչ։ Հայկական տարածքով անցնող «միջանցքը» Թուրքիայի և Ադրբեջանի համար ավելի շուտ քաղաքական, քան տնտեսական հարց է»։

Արցախի դեմ ցեղասպանությամբ բանը չի ավարտվել, զանգվածային սպանություններն ու բռնի տեղահանումը ոչ թե ավարտն են, այլ լոկ սկիզբը «հողի վրա» ծրագրված դավաճանության, որի մասին մենք զգուշացրել ենք մեր ընթերցողներին Փաշինյանի գլխավորած սորոսաթուրքական 5-րդ շարասյան կողմից իշխանության զավթման առաջին իսկ օրվանից։

Մենք զգուշացնում էինք, որ Արցախը հանձնելուն հաջորդելու է ինքնիշխան Հայաստանի տարածքի մի մասի հանձնումը։ 2021թ.մայիսի 12-ից և 2022թ. սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո ադրբեջանական բանակի զինված ստորաբաժանումները գտնվում են ՀՀ տարածքում, ապրիլին արձանագրվեց երկրի տարածքում խորանալու հերթական փորձը: Մինչ օրս հայտնի չէ, թե այս ողջ ընթացքում ադրբեջանական կողմի հետ ինչի շուրջ է բանակցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, և երբ են կողմերը վերջապես անցնելու տեղանքում սահմանազատման գործընթացին: Առայժմ հայտնի է միայն, որ սա բավական երկար գործընթաց է, իսկ Ալիևը, դատելով բոլոր նշաններից, շտապում է, ուստի բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա սահմանազատման շրջանցումով։ Փաշինյանը պատրաստվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել Հայաստանի մի մասի բռնազավթման պայմաններում, ընդ որում չի հանդգնում ծպտում անգամ հանել այդ հանգամանքի մասին Վաշինգտոնում և Բրյուսելում նստած իր տերերի առջև։

Այսպիսին է, ընդհանուր գծերով, Արցախի հանձնումից հետո ապագա տարածքային զիջումների և դավաճանության քաղաքականության «ճանապարհային քարտեզի» ոչ ամբողջական պատկերը։ Ժողովրդին ու երկրին նոր ցնցումներ են սպասվում։ Ավաղ, այդ «ճանապարհային քարտեզի» իրագործման հարցում շահագրգռված են ոչ միայն Բաքուն և Անկարան, այլև Վաշինգտոնը, Բրյուսելը և նույնիսկ Փարիզը, որն առաջին դեմքերի շուրթերով հայտարարել էր Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում հայ ժողովրդի կողքին լինելու պատրաստակամության մասին։

Հավաքական Արևմուտքը դեռևս գործում է փափուկ ուժի և համոզման օգնությամբ, թե իբր՝ հայերի միակ թշնամին Ռուսաստանն է, իսկ որ թուրքերն ու ադրբեջանցիները կստանան արտատարածքային միջանցք, ամենևին սարսափելի չէ։ Երևանից ձայնակցում են, բայց առայժմ՝ ժողովրդի թիկունքում կնքվող սեպարատ պայմանավորվածությունների ռեժիմով։ Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» տրամադրման վերաբերյալ ընդդիմության արձագանքին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց. «Ինչ էլ որ տրամադրենք, սրանք կասեն, թե միջանցք է»: Ինչպես ասում են նման դեպքերում՝ «պատմականորեն ամեն ինչ պարզ է»…