Последние новости

Արտակ Բեգլարյան․ Ադրբեջանական վերջին ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը

Ադրբեջանական վերջին ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը՝ չհաշված անհետ կորածները։ Տեղեկությունը հայտնում է Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Վառելիքի պահեստի պայթյունի վայրից գտնվել է ավելի քան 170 անձի մարմին ու մասունք՝ կրկին չհաշված անհետ կորածները»,– ֆեյսբուքյան էջում գրել է նա:

Բեգլարյանը նշել է, որ մի քանի լիազոր մարմնից ու պաշտոնյայից ճշտել է` որքանով են իրականությանը համապատասխանում զրույցներն այն մասին, թե իբր վառելիքի պահեստի պայթյունից հետո ադրբեջանական ծառայություններն իրենց մոտ են տեղափոխել մի խումբ վիրավորների:

«Բոլոր պաշտոնյաները տվել են հստակ բացասական պատասխան,– ընդգծել է Արցախի նախկին պետնախարարը և հավելել,– ուստի պայթյունի հետևանքով անհետ կորածների հարազատները, ցավոք, պետք է իրենց հարազատներին փնտրեն գտնված մարմինների ու մասունքների շրջանում՝ անճանաչելի մարմինների դեպքում ԴՆԹ անալիզների միջոցով»:

Նրա խոսքով` հարկ է նաև հաշվի առնել մասնագետների ու ականատեսների այն պնդումը, որ պայթյունի զոհերի մի մասն էլ ամբողջությամբ այրվել է կրակի մեջ, և նրանցից ոչ մի մասունք հնարավոր չէ գտնել։

Բեգլարյանի տեղեկություններով` Արցախում առավելագույնը 40 հայ է մնացել, այդ թվում՝ ենթադրաբար իրենց տներում մնացած միայնակ ու անօգնական անձինք, որոնց հնարավոր չէ եղել գտնել առ այսօր: Այդ անձանց որոնման աշխատանքները կատարում էին Արցախի փրկարարները՝ որոշակի դրական արդյունքներով, իսկ այժմ՝ փրկարարների դուրս գալուց հետո, Կարմիր խաչը:

«Արցախում մնացած մոտ 15 հայի մասին հստակ տեղեկություններ կան, որոնց տեսնողներ ու նույնականացնողներ են եղել: Նրանք ենթադրաբար որոշել են կամավոր մնալ Արցախում և ընդունել Ադրբեջանի իշխանությունների պայմանները հպատակեցման վերաբերյալ»,– նշել է նախկին պաշտոնյան:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ