Սպիտակ տունը հրաժարվել է 24 մլրդ դոլար հատկացնել Կիևին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն այլևս չի ձգտում ԱՄՆ Կոնգրեսից ստանալ Ուկրաինային 24 միլիարդ դոլար օգնություն հատկացնելու պահանջ և դիտարկում է Կիևին ֆինանսական աջակցության այլ տարբերակներ։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։

Սպիտակ տան պաշտոնյաները թերթին հայտնել են, որ Բայդենի վարչակազմին մնացել են բավականաչափ միջոցներ Ուկրաինայի մարտադաշտի կարիքները հոգալու համար, սակայն պարզ չէ, թե դրանք որքան երկար կտևեն: Ըստ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի՝ ԱՄՆ նախագահի վարչակազմն այլևս չի պնդում Կիևի 24 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորումը։

Նշվում է, որ Սպիտակ տունը շտապ վերանայում է Ուկրաինային օգնության ռազմավարությունը։ Պաշտոնյաները քննարկում են՝ շարունակե՞լ առաջ մղել մեծ ֆինանսավորման փաթեթ, որը կարող է տևել մինչև 2024 ֆինանսական տարվա վերջ, թե՞ առաջարկել ավելի փոքր գումար, որն ավելի հավանական է, որ Կոնգրեսի աջակցությունը շահի: Ամերիկյան նախագահի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով, Կիևին հետագա աջակցությունը մեծապես կախված է նրանից, թե ով կդառնա Ներկայացուցիչների պալատի հաջորդ նախագահը:

Aysor.am