Իրանցի նախարար. խաղաղությունը Հարավային Կովկասում մեծ հեռանկարներ կստեղծի տարածաշրջանի համար
Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Մեհրդադ Բազրփաշը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ տարածաշրջանի երկրները և ժողովուրդները խոր պատմական և մշակութային կապեր ունեն միմյանց հետ, տեղեկացրել է Mehr-ը։
«Խաղաղությունը Հարավային Կովկասում մեծ հեռանկարներ կստեղծի տարածաշրջանի համար»,- ասել է նա։
Ալիևն իր հերթին Բաքվի և Թեհրանի միջև բարեկամությունը և համագործակցությունն անվանել է կարևոր գործոն տարածաշրջանի համար, գրել է իրանական ԶԼՄ-ն։
«Ադրբեջանի Հանրապետությունը շարունակում է իր գործունեությունը տրանսպորտային միջանցքների ստեղծման ոլորտում՝ երկկողմ և բազմակողմ համագործակցության ձևով»,- ասել է Ալիևը Բազրփաշի հետ հանդիպման ժամանակ։
«Ադրբեջանը «3+3» ձևաչափի նախաձեռնողն է, և Բաքվի տեսակետից՝ այդ կառույցում իրականացված հանդիպումները դրական քայլ են»,- ավելացրել է նա։
Խոսելով ավտոճանապարհային կամրջի հիմնարկեքի և Ադրբեջանի ու Իրանի սահմանին ենթակառուցվածքի ստեղծման կարևորության մասին՝ Ալիևն ավելացրել է. «Այդ գործողությունները կնպաստեն մեր բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը»։
Նա նաև ավելացրել է, որ այդ նախագիծը «շատ կարևոր է տարածաշրջանի համար և կծառայի ամբողջ տարածաշրջանում կայունությանը և համագործակցությանը»։
News.am