Հեյդարի․ Հայերի հեռանալը հարկադրված էր, Ղարաբաղը եղել և շարունակում է մնալ հայկական

Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հարցերով կոմիտեի փոխնախագահ Շահրիար Հեյդարին հայտարարել է, որ մարդիկ հարկադրված են հեռացել Լեռնային Ղարաբաղից, իսկ տարածաշրջանը եղել և մնում է հայկական։

«Ներկա պահին Ղարաբաղը վիճահարույց տարածք է Հայաստանի և Ադրբեջանի համար։ Ադրբեջանը, օգտագործելով արտատարածաշրջանային ուժերն ու սիոնիստական ռեժիմը, ռազմական գերակայության հասավ Հայաստանի նկատմամբ, սակայն դա Բաքվին թույլ չի տալիս զավթել այն, ինչ ինքը կցանկանա», – Հեյդարիի խոսքը մեջբերում է ParsToday–ը։

Միաժամանակ նա նշել է` Իրանն ուզում է, որ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրները լուծվեն երկխոսության շրջանակում։

Ըստ Հեյդարիի` Լեռնային Ղարաբաղն ավանդաբար պատկանում է Հայաստանին, իսկ այնտեղից մարդկանց հեռանալը պայմանավորված էր ադրբեջանական բանակի գնդակոծություններով և գրոհներով։ Նրա խոսքով` դա չի նշանակում, որ Ղարաբաղի հայերը կորցրել են իրենց ինքնությունը։

Հեյդարին հավելել է, որ նախկինում Հայաստանի զբաղեցրած տարածքները, որոնց մեծ մասը պատկանում էր Ադրբեջանին, Բաքուն վերցրել էր մինչև վերջին սրացումը, սակայն եթե Ադրբեջանը շարունակի նույն ուղեգիծը, դեռ երկար տարիներ ստիպված կլինի ներքաշվել սիոնիստական ռեժիմի, Թուրքիայի և ԱՄՆ–ի պարտադրած պատերազմների մեջ։

Շահրիար Հեյդարին փաստել է, որ արտատարածաշրջանային ուժերը ձգտում են շահագործել տարածաշրջանի ռեսուրսները, նոր միջանցքներ բացել և Բաքվին օգտագործել աշխարհաքաղաքական առումով Եվրոպային միանալու համար։

Միաժամանակ նա ընդգծել է, որ Երևանը ստիպված է եղել հանձնել Լեռնային Ղարաբաղը, քանի որ Բաքուն գերազանցում էր ռազմական առումով։

Sputnik Արմենիա