Արամ Սարգսյան․ ՀՀ-ում պետք է ձևավորվի Արցախի Հանրապետության վտարանդի կառավարություն
Հայաստանում պետք է ձևավորվի Արցախի Հանրապետության վտարանդի կառավարություն։ Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կարծիք հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։
«Ոչ ոք իրավասու չէ Արցախի Հանրապետությունը լուծարել, այն ձևավորվել է հանրաքվեի միջոցով` ժողովրդի կողմից, և միայն ժողովուրդն է իրավասու լուծարել այդ հանրապետությունը։ Իսկ ժողովուրդը ամբողջովին կենտրոնացված է ՀՀ–ում, ուստի նա պետք է ունենա իր վտարանդի կառավարությունը, իր վտարանդի խորհրդարանը»,– պարզաբանեց Սարգսյանը։
Նրա խոսքով` վտարանդի կառավարությունը պետք է իրականացի այն քաղաքական գիծը, որն անհրաժեշտ է Արցախը պահպանելու, վերադարձնելու համար, իհարկե ոչ թե հիմա, այլ հեռանկարում։
«Ամեն դեպքում դա պետք է լինի, որովհետև եթե սա չունենանք, կնշանակի, որ հրաժարվեցինք մեր իրավունքից ունենալ Արցախի Հանրապետությունը։ Սա խնդիր է, որը պետք է առաջիկայում լուծվի»,–ասաց նա։
Սարգսյանը նաև համոզված է, որ 130-140 մլրդ դրամի վարկը, որը ՀՀ բյուջեից հատկացվում էր Արցախին, պետք է շարունակի մնալ ՀՀ բյուջեում և հատկացվի այստեղ ապրող արցախցիներին, քանի որ ժողովուրդը այստեղ է և այդ մարդկանց նույնքան օգնություն է պետք։
«Պետք է գործել շատ արագ և օպերատիվ։ Շատ կարևոր է, որ մենք այս ընթացքում ցույց տանք, որ չենք համակերպվել ու չենք համակերպվելու, որ Արցախը զավթել է թշնամին»,–ասաց Սարգսյանը։
Քաղաքական գործիչը վստահություն ունի` արցախցիների համար վտարանդի կառավարության ստեղծումը և նրանց օգնելուն ուղղված քայլերը կարող է բերել ազգային միասնության։
Sputnik Արմենիա