ԻԻՀ ԱԳՆ․ Իսրայելի ներկայությունը Կովկասյան տարածաշրջանում չի նպաստում անվտանգությանը

Իսրայելի ներկայությունը Կովկասյան տարածաշրջանում չի նպաստում անվտանգությանը։ Այս մասին ասել է ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին, տեղեկացրել է Tasnim-ը։

«Սիոնիստական վարչակարգը հետապնդում է իսլամական եկրներում անկայունության ստեղծման իր շահերը։ Սա հստակ դիրքորոշում է, որը մենք արտահայտել ենք երկկողմ և բազմակողմ հանդիպումներում, հատկապես այն երկրների հետ, որոնք, ցավոք, փորձել են հարաբերություններ հաստատել (Իսրայելի հետ)՝ ուշադրություն չդարձնելով վարչակարգի հեղհեղուկ վիճակին»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի վերջերս կատարված այցն Իրան համապատասխանում է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը և Կովկասի տարածաշրջանում վերջերս տեղի ունեցած իրադարձություններին։ «Այդ ուղևորությունը դարձավ երկու երկրների ջանքերի շարունակությունը երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Բանակցությունները լավ են անցել, և ադրբեջանական կողմը արտահայտել է իր տեսակետը։ Կա կոնսենսուս, որ բանակցությունների շրջանակում ԻԻՀ-ում Ադրբեջանի դեսպանությունը կկարողանա վերականգնել իր գործունեությունը»,- նշել է նա՝ ավելացնելով, որ Թեհրանը պատրաստ է օգնել Ադրբեջանին և Հայաստանին լուծելու խնդիրները։

ԱԳՆ ներկայացուցիչը տեղեկացրել է նաև Իրանի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունների անցկացման մասին Կասպիայում։ «Ոչ մի մանրամասն տեղեկություն ես չունեմ։ Երկու երկրների համատեղ համագործակցության շրջանակում արդեն ստեղծվել են մեխանիզմներ։ Ռազմական համագործակցության առումով մենք լավ և արդյունավետ հանդիպումներ ենք ունեցել։ Անհրաժեշտության դեպքում Զինված ուժերի Գլխավոր շտաբը լրացուցիչ պարզաբանումներ կտա»,- նշել է Քանաանին։

News.am