38 երեխա է ծնվել Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքներում

Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքներում 38 երեխա է ծնվել, որից 14–ը Երևանում, 24–ը` մարզերում։ ՀՀ կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ վերջին տվյալները ներկայացրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ Արցախից բռնի տեղահանված 278 բուժառու շարունակում է վերականգնել առողջությունը ՀՀ տարբեր բուժհաստատություններում։ Նրանցից 95–ի վիճակը գնահատվում է ծանր, 11–ինը` ծայրահեղ ծանր։

Բաղդասարյանը նշեց, որ 7 անչափահասի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Արցախից բռնի տեղահանված 16 448 անձ կամ 16.5 տոկոսը հաշվառվել է առաջնային օգնության բուհաստատություններում, պոլիկլինիկաներում։ Բաղդասարյանն ընդգծեց, որ նրանց բոլորի բուժսպասարկումն իրականացվում է պետպատվերի շրջանակում։

Ինչ վերաբերում է ՀՀ կրթական հաստատություններում ուսումը շարունակող երեխաներին, ապա ՀՀ վարչապետի խոսնակը նշեց, որ 9 082 Արցախից բռնի տեղահանված աշակերտ արդեն դպրոց է հաճախում։

Sputnik Արմենիա