Սի Ցզինպինն ասել է, որ Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններից կախված է մարդկության ճակատագիրը
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն ԱՄՆ Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ այն, թե ինչպես են Պեկինը և Վաշինգտոնը միմյանց հետ կփոխգործակցեն մարտահրավերների դեպքում, որոշելու է մարդկության ապագան։ Այս մասին հայտնում է AFP-ն։
«Այն, թե ինչպես Չինաստանը և Միացյալ Նահանգները կփոխգործակցեն միմյանց հետ՝ աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների և ցնցումների պայմաններում, որոշելու է մարդկության ապագան և ճակատագիրը», - ասել է Սին:
Նա նաև նշել է, որ Չինաստանն ունի «1000 պատճառ՝ բարելավելու չին-ամերիկյան հարաբերությունները, բայց ոչ մի պատճառ՝ դրանք ոչնչացնելու համար»։ Ինչպես ընդգծել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահը, պետությունների միջև կապերը «աշխարհի ամենակարևոր երկկողմ հարաբերություններն են»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամերիկացի սենատորների պատվիրակությունը կայցելի Չինաստան, որտեղ ակնկալում է հանդիպում անցկացնել պետության ղեկավար Սի Ցզինպինի հետ։
Ըստ Այդահոյից ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի անդամ Մայք Կրապոյի՝ պատվիրակության կազմում կլինեն երկու կուսակցությունների՝ դեմոկրատների և հանրապետականների ներկայացուցիչներ։ Սպասվում է, որ ԱՄՆ Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը նույնպես կմեկնի Չինաստան:
Եթե խորհրդարանականներին հաջողվի բանակցել Չինաստանի առաջնորդի հետ, ապա քննարկման առանցքային թեմաներից մեկը կլինի Micron Technology-ի գործունեությունը։
News.am