ՔՊ-ն ու «Հանրապետությունը» հուշագիր ստորագրեցին

«Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները որոշել են կնքել հուշագիր՝ հաշվի առնելով Երևանում սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց քիչ առաջ Երևանի քաղաքապետ ընտրված Տիգրան Ավինյանը:

«Երևանի ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունները ՀՀ ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը և անվտանգությունը համարելով գերագույն արժեքներ և նպատակ ունենալով Երևան քաղաքը դարձնել եվրոպական մոդելի, մարդկանց համար հարմար և հասանելի քաղաք, կյանքի կոչել «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների նախընտրական ծրագրերը, որոշեցին սկսել համագործակցություն ի նպաստ Երևանի զարգացման և երևանցիների բարօրության»,-ասաց նա:

Ավինյանը նշեց, որ Երևանի կառավարումն իրականացնելու են միասին՝ պատասխանատվությունը կիսելով:

Այս խոսքերից հետո Տիգրան Ավինյանը և Երևանի ավագանիում «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Արտակ Զեյնալյանը ստորագրեցին հուշագիրը:

News.am