ՅՈւՆԻՍԵՖ․ Արցախից բռնի տեղահանված երեխաների մոտ առկա են սուր հոգեբանական սթրեսի նշաններ

Ավելի քան 30 000 երեխայի (որոնք ստիպված են եղել փախչել իրենց տներից ռազմական գործողությունների պատճառով) հոգեկան առողջությունը կարող է վատթարանալ, եթե նրանքմնան առանց անհապաղ աջակցության: Այս մասին նախազգուշացրել է ՅՈւՆԻՍԵՖ–ը` անդրադառնալով Արցախից բռնի տեղահանված երեխաների հոգեվիճակին ու ապրումներին։

«Գորիսում ՅՈւՆԻՍԵՖ–ի սոցիալական աշխատողները, որոնք օրական սպասարկում են մինչև 300 երեխայի, հայտնել են, որ նրանք անհանգստության, վախի և զայրույթի զգացումներ ունեն, որոնք դրսևորվում են մղձավանջներով, գիշերամիզությամբ և անսփոփելի լացով: Որոշ երեխաներ մեկուսացել են բոլորից, դարձել են անհաղորդ, անկարող են արտահայտել զգացմունքները կամ ըմբռնել պատահածը»,– նշված է կազմակերպության հայտարարության մեջ:

Բացի այդ, ՅՈւՆԻՍԵՖ–ից նշում են, որ այս երեխաները շարունակաբար բաց են թողել դասերը և ապրել են վտանգավոր, ոչ ապահով միջավայրում, և ինչպես պատմում են ընտանիքները` նոր հարձակումների վախի պարբերական զգացումով:

«Մենք հիմա տեսնում ենք, թե որքան շատ են տուժել այս երեխաները: Տեղահանումները և ռազմական գործողությունները, որոնք զուգորդվել են զրկանքներով, մեծապես ազդել են նրանց ֆիզիկական և հոգեկան առողջության, ինչպես նաև հոգեբանական բարեկեցության վրա»,– ահազանգում է ՅՈւՆԻՍԵՖ–ը:

Հոգեկան առողջության համաշխարհային օրվա առիթով ՅՈւՆԻՍԵՖ–ը նաև բոլոր երկրներին կոչ է անում ներդրումներ կատարել հոգեկան առողջության և երեխաների հոգեսոցիալական աջակցության ուղղությամբ:

Կազմակերպությունից տեղեկացնում են, որ ՀՀ առողջապահության նախարարության հետ ձևավորել են շարժական մանկաբուժական թիմեր, որոնք հնարավորություն կտան ամբողջ երկրում սկրինինգների միջոցով բացահայտել և արձագանքել հոգեկան առողջության կարիքներին:

ՅՈւՆԻՍԵՖ–ը երկրներին նաև կոչ է արել 12,6 մլն դոլար հավաքագրել՝ հետագա վեց ամսվա ընթացքում կրթական, երեխաների պաշտպանության, առողջապահական, սնուցման, ինչպես նաև սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման համար:

Sputnik Արմենիա