«ԴիջիԹեք 23» ցուցահանդեսում նախագծեր կլինեն արցախցիներին աշխատանքի տեղավորելու

«ԴիջիԹեք 23» բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսին կներկայացվեն Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների մասնագիտական վերապատրաստման և աշխատանքի տեղավորման նախագծեր: Այս մասին հայտարարել է Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը՝ հոկտեմբերի 13-15-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում սպասվող ցուցահանդեսին ընդառաջ կայացած մամուլի ասուլիսում:

Մասնավորապես, «ԴիջիԹեք 23»-ում ներկայացված կլինի մեկ այլ ցուցահանդեսի (, որը պետք է կայանա հոկտեմբերի վերջին)՝ «Artsakh Career Expo»-ի տաղավարը։

«Մենք նրանց կտրամադրենք տաղավար, որտեղ յուրաքանչյուրը կարող է նախապես իմանալ, թե ինչ ձեռնարկություններ ու աշխատատեղեր են ներկայացվելու այս ցուցահանդեսին։ Այնտեղ աշխատանք փնտրելու համար հնարավոր կլինի գրանցվել՝ թողնելով ձեր տվյալները»,-հավելել է Կարապետյանը։

Այն ՏՏ ընկերությունների համար, որոնք գործում էին Արցախում, միությունը պատրաստվում է մեկ այլ առանձին տաղավար բացել (եթե նրանք հասցնեն պատրաստվել մասնակցությանը)։

Բացի այդ, ցուցահանդեսի ընթացքում Armenian Code Academy-ի ՏՏ դպրոցը սեմինարներ կանցկացնի Արցախի մեր հայրենակիցների համար՝ օգնելով հասկանալ` ինչպես յուրացնել ՏՏ ոլորտի մասնագիտություն։

Կարապետյանը հիշեցրել է, որ «Արմաթ» դպրոցական ինժեներական լաբորատորիաների մարզիչները, որոնք աշխատում էին Արցախում, կարող են ընդունվել ՀՀ-ի նույնանուն լաբորատորիաներ (դրանք գործում են որպես Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների միության և ԿԳՄՍ նախարարության համատեղ նախագիծ): «Արմաթը» և նրանց ուսումնական նախագծերը ևս կներկայացվեն ցուցահանդեսում:

ՏՏ ընկերություններն իրենց հերթին ընդունելություն են հայտարարում արցախցի ծրագրավորողների, այդ թվում՝ սկսնակների համար (որպես պրակտիկանտներ)։ Ընկերությունները ևս իրենց առաջարկները կներկայացնեն ցուցահանդեսում։

Հիշեցնենք, որ «ԴիջիԹեք» բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսը Երևանում անցկացվում է 2006 թվականից: Դրա գլխավոր կազմակերպիչը Բարձր տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (նախկինում գործում էր որպես Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն)։

Sputnik Արմենիա