Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև Ռաֆահ անցումը փակ է. պաղեստինցիները գնալու տեղ չունեն

Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև ընկած Ռաֆահ անցակետը փակվել է, ինչի հետևանքով Գազայի հատվածում 2,3 միլիոն պաղեստինցիների համար վերջին ցամաքային ելքը փակվել է՝ այն տեղեկությունների ֆոնին, որ Իսրայելի ցամաքային ներխուժումը կարող է նխուսափելի լինել, գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով իսրայելական զինվորականներին:

Ռաֆահը նաև միակ մնացած մուտքն էր բժշկական օգնության և պարագաների համար, ներառյալ առաջին անհրաժեշտության պարագաները, ինչպիսիք են սնունդն ու վառելիքը գեներատորների համար, քանի որ մեծ հումանիտար ճգնաժամի մտավախություններ էին ավելանում: Իսրայելը փակել է իր երկու սահմանային անցակետերը ՀԱՄԱՍ-ի անսպասելի հարձակումից հետո, իսկ երկուշաբթի Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հրամայել է ամբողջությամբ շրջափակել Գազայի հատվածը:

Գալանտի հրամանը ներառում է ջրի, էլեկտրաէներգիայի, սննդի, վառելիքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումների դադարեցում։

Դեռ հայտնի չէ, թե երբ կվերաբացվի Ռաֆահը։ Եգիպտոսը հրապարակային հայտարարություններ չի արել անցակետի կարգավիճակի վերաբերյալ։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը Գազայի բնակիչներին ասել է «անհապաղ հեռանալ, որովհետև մենք ամենուր վճռականորեն կգործենք»։

Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիներն ասում են, որ գնալու այլ տեղ չունեն:

News.am