ՀՀ ՔԿ․ Նարեկ Նազարյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Նազարյանը գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել իր ծառայակցի` պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից ինքնաձիգից արձակած կրակոցի հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմենի Նազարյանը մահացել է հոկտեմբերի 9–ին` կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքից:

Ինչպես հաղորդում են կոմիտեից, դեպքը տեղի է ունեցել ՀՀ ՊՆ զորամասի պահպանության շրջանի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում։

ՀՀ քրեական օրենսգրքի 155–րդ հոդվածի 1–ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՀՀ ՔԿ զինվորական քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից համածառայակցի առերևույթ սպանության դեպքի բոլոր հանգամանքները:

Ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով նշված ծառայակիցը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է։

Sputnik Արմենիա