Յակով ԿԵԴՄԻ․ ԻՍՐԱՅԵԼԸ ԿԱՐՈՂ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆ ԻՐԱՆԻՆ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Իսրայելի դեմ Հեզբոլլահի կողմից երկրորդ ճակատ բացելու հավանականությունը պահպանվում է, բայց այն ցածր է: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Իսրայելի «Նատիվ» հետախուզական ծառայության նախկին ղեկավար, հայտնի քաղաքագետ Յակով Կեդմին։
Հիշեցնենք, որ Հեզբոլլահը (շիա կազմակերպություն և քաղաքական կուսակցություն, որը պաշտպանում է Իրանի օրինակով Լիբանանում իսլամական պետության ստեղծումը) ավելի վաղ հայտարարել էր, որ ռազմական գործողություններ կսկսի Իսրայելի դեմ, եթե Թել Ավիվը ցամաքային գործողություն սկսի Գազայի հատվածի դեմ։
Ի պատասխան այդ գործողությունների՝ Իսրայելը գործողություններ կսկսի Հեզբոլլահին ոչնչացնելու ուղղությամբ, կարծում է փորձագետը։
«Իսրայելը Հեզբոլլահը դիտարկում է որպես Իրանի կողմից ստեղծված և Թեհրանին ենթակա կազմակերպություն: Հետևաբար, իրադարձությունները կարող են շատ արագ հանգեցնել ուղղակի ռազմական գործողությունների հենց Իրանի դեմ, ինչին, ամենայն հավանականությամբ, կմիանա Միացյալ Նահանգները:
Սա Իրանի համար ինքնասպանության սցենար է։ Իրանի բոլոր քաղաքական, տեխնոլոգիական, տնտեսական ձեռքբերումները կոչնչացվեն»,- ընդգծել է Քեդմին։
Նա պարզաբանել է, որ Իրանը ինքնին չի կործանվի, քանի որ այն ուժեղ պետություն է, և դա անհնար է անել, բայց հարվածները գրեթե ճակատագրական կլինեն երկրի տնտեսության և ենթակառուցվածքների համար։
«Ելնելով այս ամենից՝ Թեհրանը, ամենայն հավանականությամբ, թույլ չի տա, որ Հեզբոլլահը ներքաշվի այս արկածախնդրության մեջ», - հավելել է Քեդմին:
Նրա գնահատմամբ, հակառակ դեպքում հետագա գործողությունները կարող են աղետի հանգեցնել Իրանի ազդեցության առումով ոչ միայն ողջ աշխարհում, այլև Կովկասում։
Նա կարծիք հայտնեց, որ եթե այն, ինչ հիմա կատարվում է Մերձավոր Արևելքում, ի վերջո, սահի Իրանի դեմ հարձակման, ապա Իսրայելը կօգտագործի նաև ադրբեջանական գործոնը։
«Այս դեպքում կօգտագործվի այն, ինչ ներդրել է Իսրայելն Ադրբեջանի հետ հարաբերություններում, որի նպատակը, Իսրայելի տեսանկյունից, Իրանն էր։ Թե որքանով կօգտագործվի այդ ներուժը, դժվար է ասել։ Սակայն կարծում եմ, որ Ադրբեջանը կօգտագործվի միայն հսկողության ու հետախուզության ոլորտում»,- հավելեց քաղաքագետը։
Նշենք, որ Իսրայելն աջակցում է Ադրբեջանին հայ ժողովրդի դեմ ագրեսիայի մեջ՝ ցուցաբերելով ակտիվ ռազմատեխնիկական աջակցություն։