Պեսկով․ Խաղաղապահների հարցը Երևանի հետ չի քննարկվել

Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների հարցը Երևանի հետ չի քննարկվել։ Ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նրանք հիմա իսկապես (ՌԴ խաղաղապահները. խմբ.) դե ֆակտո և դե յուրե գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Դա խոստովանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինչ վերաբերում է նրանց գտնվելու հետագա ձևաչափին, ապա, իհարկե, դա կքննարկվի ադրբեջանական կողմի հետ», - ասել է Պեսկովը։

Միաժամանակ նա հավելել է, որ ՌԴ-ն կշարունակի շփումները նաև հայերի հետ:

Կրեմլի ներկայացուցիչը հստակեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի ժամանակ ռուսական խաղաղապահ զորախմբի վերատեղակայման հնարավորության հարց չի քննարկվել:

Նշենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ հայտարարեց, որ ՌԴ խաղաղապահների գործունեությունը կադապտացվի նոր իրողությանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ ասաց, որ ՌԴ-ն ԼՂ–ից խաղաղապահների դուրս գալու հետ կապված քննարկումների մեջ է Ադրբեջանի հետ, բայց քննարկումներ կան նաև Հայաստանի հետ։ Հարցին` եթե ՌԴ խաղաղապահներն Արցախից դուրս գան, հնարավո՞ր է, որ գան Հայաստան և մնան Հայաստանում, Փաշինյանը պատասխանեց, որ դրա մեջ տրամաբանություն չկա։

Sputnik Արմենիա