Արմեն Գևորգյան․ ԵԽԽՎ-ն պետք է ինքնամաքրվի ավտորիտար պետություններից

Աջ ծայրահեղական արմատականության տարածումը կասեցնելու համար Եվրոպայի խորհուրդը պետք է ինքնամաքրման և ավտորիտար պետությունների անդամակցությունը կասեցնելու խիստ կարևոր տնային աշխատանք կատարի։ Այս մասին ԵԽԽՎ-ում հայտարարել է ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը` ելույթ ունենալով «Աջ ծայրահեղական գաղափարախոսության մարտահրավերը ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին Եվրոպայում» թեմայով քննարկման ժամանակ, հայտնում են ԱԺ-ից։

Անդրադառնալով քննարկման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցչի զեկույցին՝ Գևորգյանը նշել է, որ բավականին տարօրինակ է, երբ Ադրբեջանի ներկայացուցիչը զեկույց է ներկայացնում մարդու իրավունքների և ժողովրդավարական կառավարման վերաբերյալ այն դեպքում, երբ նոր է Լեռնային Ղարաբաղում բնիկ հայ բնակչության նկատմամբ ամբողջական էթնիկ զտում իրականացրել:

Նա ընդգծել է, որ աջ ծայրահեղական գաղափարախոսությունները հիմնականում ազգայնական, այլատյաց, ռազմատենչ և ավտորիտար տրամադրություններից են կազմված, և այդ ամենը տասնամյակներ շարունակ առկա է Ադրբեջանում:

«Լեռնային Ղարաբաղում վերջին էթնիկ զտումները միայն հայերի մտահոգության հարցը չեն: Նման նախադեպերի ստեղծումը պատերազմական ագրեսիայի խթան կհանդիսանա բնական գազի և նավթի մեծ պաշարներ տնօրինող բազմաթիվ այլ բռնապետությունների համար և կնպաստի աջ ծայրահեղական գաղափարախոսության մոտեցումներին»,–ասել է Գևորգյանը։

Անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին՝ Հայաստանի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ադրբեջանն անօրինական և անբարո կերպով գերության մեջ է պահում մեծ թվով հայերի:

Գևորգյանը մատնանշել է, որ հայ գերիների թվում կան մարդիկ, որոնք անցած 25 տարիների ընթացքում ընտրվել են ժողովրդավարական ընտրություններում և որպես իրենց ժողովրդի օրինական ներկայացուցիչներ՝ առաջնորդել են նրան հանուն ազատության և ինքնորոշման: Ի հակադրություն դրա՝ Ադրբեջանում ուղիղ 30 տարի է՝ նույն ընտանիքն է իշխում: Հայաստանի պատվիրակության անդամը հարց է բարձրացրել, թե արդյո՞ք դա աջ ծայրահեղական գաղափարախոսության ձև է, թե՞ ժողովրդավարության նոր տեսակ, որը սնուցվել է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո:

Նա հիշեցրել է վեհաժողովի ղեկավարությունը 2022 թվականի ապրիլին ներկայացված իր համահեղինակած զեկույցը`«Կրոնի ռազմականացումը և ներունակ հետևանքները եվրոպական ժողովրդավարական անվտանգության համար»: Նա նշել է, որ այդ զեկույցում մանրամասն ներկայացված է եղել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Եվրոպային սպառնացող վտանգների մասին։

Sputnik Արմենիա