Սուրբ աթոռի նվիրակն ավարտում է առաքելությունը. Գարեգին Բ-ի հետ հրաժեշտի հանդիպում է եղել

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հրաժեշտի հանդիպում է ունեցել Սուրբ աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բետանկուրի հետ։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի մամուլի ծառայությունը։

Սուրբ աթոռի առաքելական նվիրակը ավարտում է իր առաքելությունն Անդրկովկասում։

«Հայոց հովվապետն անդրադարձել է տարածաշրջանում առկա մարտահրավերներին, բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության ու հումանիտար խնդիրներին։ Այս առնչությամբ Նորին սրբությունն իր շնորհակալությունը հայտնեց կաթոլիկ եկեղեցուն ներդրվող ջանքերի համար»,–նշվում է հաղորդագրությունում։

Իր հերթին արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բետանկուրը նշել է, որ հետագայում ևս կշարունակի առավելագույն չափով իր նպաստը բերել երկու եկեղեցիների եղբայրական փոխհարաբերությունների զորացմանը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արցախի հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման և Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ գերիների վերադարձման խնդիրներին։

Sputnik Արմենիա