Ադրբեջանի փոխվարչապետի հետ նոր հանդիպման պայմանավորվածություն չկա․ Գրիգորյանի գրասենյակ
Եռակողմ աշխատանքային խմբի կամ դելիմիտացիայի հանձնաժողովների աշխատանքների շրջանակում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի`ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն դեռևս չկա: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Գրիգորյանի գրասենյակից։
«Ամեն դեպքում, փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով աշխատանքները շարունակելու հարցը նախևառաջ կապված է հարթակի բոլոր մասնակիցների կողմից տարածաշրջանի տրանսպորտային ուղիների ապաշրջափակման և հետագա շահագործման՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքի միատեսակ և միանշանակ ընկալման հանգամանքի հետ»- ասված է պատասխանում:
Գրասենյակից հայտնել են նաև, որ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների ձևաչափով Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպման պայմանավորվածություն չկա:
Ավելի վաղ մեկնաբանելով Գրանադայում փաստաթղթի հնարավոր ստորագրումը ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ այնտեղ, ի թիվս այլ բաների, նշված է ինքնիշխանության և փոխադարձության սկզբունքների հիման վրա հաղորդակցությունների ապաշրջափակումը: