«Ինչո՞ւ ոչինչ չասացիք Ադրբեջանի կողմից ԼՂ-ի հայերի էթնիկ զտման մասին»․ Թանկյանը դիմել է Օբամային
Սերժ Թանկյանը X-ի իր բլոգում դիմել է Բարաք Օբամային՝ հարցնելով՝ ինչո՞ւ վերջինը չի խոսել Արցախի հայերի բռնի տեղահանումների մասին, երբ դա տեղի էր ունենում երկու շաբաթ առաջ։ Աշխարհահռչակ ռոք երաժիշտը կիսվել է ԱՄՆ-ի 44-րդ նախագահի գրառմամբ, որում վերջինը նշում է, որ բոլոր ամերիկացիները պետք է սարսափած և վրդովված լինեն Իսրայելի վրա կատարված ահաբեկչական հարձակումներից և անմեղ քաղաքացիների սպանությունից։
«Մենք ցավում ենք նրանց համար, ովքեր մահացել են, աղոթում ենք պատանդների անվտանգ վերադարձի համար, և կանգնած ենք մեր դաշնակցի՝ Իսրայելի կողքին, երբ այն քանդում է Համասը: Մենք պետք է շարունակենք ձգտել արդար և կայուն խաղաղության՝ իսրայելցիների և պաղեստինցիների համար»,-ասվում է Օբամայի հաղորդագրության մեջ։
Ի պատասխան նրան՝ Թանկյանը գրել է,-«Սիրելի Բարաք Օբամա, ինչո՞ւ ոչինչ չասացիք երկու շաբաթ առաջ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտման մասին։ Դուք Ձեր պաշտոնավարման ընթացքում ձախողեցիք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը և ոչ մի խոսք չեք ասել 120 հազար մարդու էթնիկ զտումների և 3000 տարվա իրենց բնիկ հայրենիքից նրանց՝ բռնի տեղահանման մասին»։
News.am