Եվրահանձնաժողով․ Թուրքիան պետք է կողմ ընտրի միջազգային աշխարհաքաղաքականության մեջ
Թուրքիան պետք է կողմ ընտրի միջազգային աշխարհաքաղաքականության մեջ: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը՝ ելույթ ունենալով Արևելյան Միջերկրական և Հարավ-Արևելյան Եվրոպայի 2-րդ համաժողովում, որը կազմակերպել է Դելֆիի տնտեսական ֆորումը, հայտնում է Kathimerini-ն։
Սխինասն ընդգծել է, որ Թուրքիան պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և նրանց արժեքների և կամ Ռուսաստանի, Իրանի, ՀԱՄԱՍ-ի և Հեզբոլլահի միջև։
«Անցյալ շաբաթ օրը մենք բոլորս արթնացանք ցնցող լուրից ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի պետության և անմեղ մարդկանց դեմ իրականացված դաժան բազմակողմ ահաբեկչության մասին: ԵՄ անդամ բոլոր 27 երկրներն առաջին իսկ պահից միաձայն ճանաչեցին Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը, դատապարտեցին ահաբեկչությունը և բարձրաձայն հայտարարեցին, որ ահաբեկչությունն արդարացում չունի։ Թուրքիան պետք է ընտրի, թե պատմության որ կողմում է ուզում լինել՝ մեզ հետ՝ Եվրամիության, ՆԱՏՕ-ի, մեր արժեքների, Արևմուտքի ոգու՞ հետ, թե՞ Մոսկվայի, Թեհրանի, ՀԱՄԱՍ-ի և Հեզբոլլահի հետ»,- ընդգծել է նա՝ նշելով, որ «պատասխանը պետք է պարզ լինի»։
Միաժամանակ նա նշել է, որ Թուրքիան Եվրոպայում և տարածաշրջանում կայունության հիմնական գործընկերն է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են միգրացիան և առևտուրը։
Անդրադառնալով Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հանդիպումներին, նա ասաց, որ դրանք լավատեսություն են սերմանում՝ դժվարությունները հաղթահարելու և եվրո-թուրքական գործընկերության ողջ ներուժը բացելու հարցում՝ հավելելով, որ «դա տեղի ունենալու համար անհրաժեշտ է հետևողականություն»։
News.am