Ավինյանը դարձավ Երևանի քաղաքապետ

Երևանի քաղաքապետարանում ընթանում է նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը։

Արարողությանը ներկա են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, որը, ի դեպ, Հայաստանի անկախությունից հետո Երևանի առաջին քաղաքապետն էր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, նախարարներ, ՔՊ–ական պատգամավորներ, հյուրեր։

Ավինյանը ստանձնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը՝ երդվեց հետևել Սահմանադրությանն ու օրենքներին, կատարել քաղաքի ավագանու որոշումները, բարեխղճորեն կատարել իր պարտականությունները, ամեն օր աշխատել հանուն Երևանի և երևանցիների բարեկեցության, պաշտպանել քաղաքացիների օրինական շահերը։

«Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի պահպանման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերն ու սեփականությունը ուժերիս անմնացորդ նվիրումով , նպաստել ժողովրդի նյութական և մտավոր վերելքին, աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որը միտված կլինի իմ քաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը»,–ասաց Ավինյանը։

Ավանդույթի համաձայն՝ քաղաքապետարանի ամենափորձառու աշխատակիցներից մեկը՝ Կամո Արեյանը Ավինյանի վզից կախեց Երևանի քաղաքապետի խորհրդանիշ շղթան։ Այնուհետև հնչեց մայրաքաղաքի հիմնը` «Էրեբունի-Երևան»-ը։

Sputnik Արմենիա