Մարզպետ․ Սոթքի հանքավայրի փակ հատվածը շարունակում է աշխատել

Սոթքի հանքավայրը մասամբ շարունակում է աշխատել: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

«Հանքավայրը մասամբ շարունակում է աշխատել, խոսքը փակ հատվածի մասին է», - նշեց Սարգսյանը։

Դեռևս մայիս ամսին հայտնել էինք, որ պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի բաց հանքի աշխատանքը դադարեցվել է։

Խոսելով սահմանային իրավիճակի մասին, մարզպետն ընդգծեց, որ Գեղարքունիքում այժմ հանգիստ իրավիճակ է և վերջին շրջանում որևէ անհանգստացնող բան չկա։

Այժմ մարզում մոտ 5 հազար բռնի տեղահանված արցախցիներեր են բնակություն հաստատել։

«Չի եղել մի դեպք, որ դիմեն մարզպետարան ու չտեղավորենք, այս պահի դրությամբ ունենք մոտ 5 հազար բռնի տեղահանված արցախցի, որոնցից 100–ից ավելին հյուրանոցներում և հյուրատներում են»,–ասաց Սարգսյանը։

Մարզպետը հավելեց, որ բոլոր համայնքներին հանձնարարված է վարձակալությամբ տրվող տներ գտնել, որպեսզի արցախցիներին տեղավորեն այնտեղ։

Sputnik Արմենիա