Պաղեստինի նախագահը կոչ է արել անհապաղ դադարեցնել Իսրայելի ագրեսիան
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասն այսօր կոչ է արել անհապաղ դադարեցնել Իսրայելի ագրեսիան: Այս մասին նա հայտարարել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում՝ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է WAFA-ն։
Աբասը նաև կոչ է արել հրատապ մարդասիրական միջանցքներ բացել դեպի Գազայի հատված՝ ապահովելու բժշկական պարագաներ և ջուր, էլեկտրաէներգիա և վառելիք մատակարարելու այնտեղ գտնվող պաղեստինցի խաղաղ բնակիչներին: Նա նախազգուշացրել է Գազայի հատվածում մարդասիրական աղետի մասին՝ բոլոր մարդասիրական ծառայությունների դադարեցման և այնտեղ միակ էլեկտրակայանի փակման հետևանքով։
Նա նաև կոչ է արել դադարեցնել «Հորդանան գետի Արևմտյան ափի քաղաքներում, գյուղերում և փախստականների ճամբարներում իսրայելցի վերաբնակիչների ահաբեկչությունը մեր պաղեստինցի ժողովրդի դեմ, ինչպես նաև դադարեցնել ծայրահեղականների ներխուժումն Ալ-Աքսա մզկիթ, որոնք սրում են իրավիճակը»:
Աբասը վերահաստատել է երկու կողմերի խաղաղ բնակիչների սպանության կամ դաժան վերաբերմունքի պրակտիկային իր դեմ լինելը՝ կոչ անելով ազատ արձակել քաղաքացիական անձանց, բանտարկյալներին և կալանավորներին:
Հանդիպման ընթացքում նախագահն ընդգծել է, որ անվտանգությանն ու խաղաղությանը կարելի է հասնել՝ ապահովելով Պաղեստինի ժողովրդին իր օրինական իրավունքները և իրականացնելով երկու պետությունների ստեղծման մասին լուծումը՝ Արևելյան Երուսաղեմում մայրաքաղաքով՝ նախքան 1967 թ. սահմաններում։
News.am