Ֆրանսիայում դպրոցում հարձակման հետևանքով ուսուցիչ է զոհվել, մի քանի մարդ վիրավորվել է

Ֆրանսիայում դպրոցում հարձակման հետևանքով ուսուցիչ է զոհվել, մի քանի մարդ վիրավորվել է։ Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Արաս քաղաքում, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հաստատել է, որ ոստիկանական գործողությունը շարունակվում է, իսկ հարձակվողը ձերբակալվել է։

Ըստ մի քանի լրատվամիջոցների՝ հարձակումը տեղի է ունեցել Գամբետայի ավագ դպրոցում առավոտյան ժամը 11-ին: Հաղորդվում է, որ հարձակվողը ծագումով չեչեն է և գտնվում է ֆրանսիական ոստիկանության արմատականների գրանցամատյանում։ Հարձակման ժամանակ նա բղավել է «Ալլահ աքբար»։

Ելիսեյան պալատի տվյալներով՝ դեպքի վայր են մեկնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ինչպես նաև ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը և կրթության նախարար Գաբրիել Աթալը։

Դատախազության հակաահաբեկչական վարչությունը հետաքննում է հարձակումը։

Հարձակումը տեղի է ունեցել Փարիզի արվարձանում գտնվող դպրոցի վրա հերթական հարձակումից երեք տարի անց, որտեղ չեչեն ծայրահեղականի կողմից ուսուցիչ էր գլխատվել:

News.am