Կարմիր խաչը դեռ չի տեսակցել Բաքվում ապօրինի կալանավորված Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներին

Կարմիր խաչը դեռ չի տեսակցել Բաքվում ապօրինի կալանավորված Արցախի ներկա ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին։ Այս մասին NEWS.am-ին է փոխանցել ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել, ապա կալանավորել են Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, Արցախի Ազգայի ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին։ Սեպտեմբերի 30-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ադրբեջանում կալանավորվել է նաև Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

Նշենք, որ Բաքվում կալանավորված նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին մի շարք ապօրինի մեղադրանքներ են ներկայացվել։ Նրանք բոլորն էլ կալանավորվել են չորս ամսով։