ՓՐԿԵԼ ԳԱՆՁԱՍԱՐՆ ՈՒ ԱՄԱՐԱՍԸ. ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԱՆՁՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՐԲԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ. Կրեմլից և ՌԴ ԱԳՆ-ից հնչող հայտարարությունները որևէ հստակություն չեն մտցնում: Մի կողմից՝ հայերի գործնական բացակայությունն անիմաստ է դարձնում ՌԽԶ-ի հետագա ներկայությունը, մյուս կողմից՝ կան որոշ նշաններ, որ Մոսկվան Բաքվի հետ պայմանավորվել է մինչև նախատեսված ժամկետի ավարտ, այսինքն մոտավորապես մինչև 2025 թվականի ամառ խաղաղապահների ներկայության մասին։

Մինչդեռ կա առնվազն մեկ կարեվորագույն հարց, որը կարող է հիմք դառնալ ռուսական առաքելությունը շարունակելու համար։ Դա հայկական մշակութային պատմական ժառանգության պահպանումն է, ներառյալ այնպիսի անգին գլուխգործոցներ, ինչպիսիք են Գանձասարն ու Ամարասը, ինչպես նաև մինչ այդ Ադրբեջանի բռանզավթած տարածքում հայտնված Դադիվանքը, Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ տաճարը, Ծիծեռնավանքը, Գտչավանքը, Տիգրանակերտը, ինչպես նաև Արցախի քաղաքների ու գյուղերի բազմաթիվ հինավուրց եկեղեցիներ։ Խոսքն ընդհանուր առմամբ քրիստոնեական հարուստ ժառանգության պահպանման մասին է, որը ոչ միայն հայկական, այլև համաշխարհային քաղաքակրթության անքակտելի մասն է:

Թե ինչ վտանգի մեջ են հայտնվել հայ ժողովրդի մեծ սրբավայրերը, խոսելն ավելորդ է. բավական է պարզապես ասել, որ դրանք մնացել են այն երկրի տիրապետության տակ, որի համար վանդալիզմը, ուրիշի ժառանգության պղծումն ու յուրացումը սեփական քաղաքականության մասն են և խրախուսվում են պետական մակարդակով: Ահա ընդամենը երկու օրինակ եռամյա և երկշաբաթյա վաղեմության իրադարձություններից:

2020թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Արցախում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո Շուշի ներխուժած ադրբեջանական հրոսակախմբերը պղծեցին Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։ Եկեղեցու արտաքին և ներքին պատերին վանդալների թողած «հետքի» լուսանկարներն ավելի ուշ հայտնվեցին սոցցանցերում: Բառացիորեն մի քանի օր առաջ Ֆրանս-Պրես գործակալությունը կադրեր տարածեց հայերի համար սուրբ տաճարի ներկայիս վիճակի մասին՝ շինարարական լաստակներով պատված, զուրկ գմբեթներից և այլ հայտնի պարագաներից։ Անցած տարվա հուլիսին հայտնվեցին Շուշիի մեկ այլ տաճարի՝ Կանաչ ժամի ավերման վկայությունները։

Իսկ մոտ երկու շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 27-ին, երբ արցախահայության ողբերգական գաղթը դեռ ընթացքում էր, արդեն արձանագրվել էին հուշարձանների պղծման դեպքեր։ Ինչպես հաղորդեց monumentwatch.org. կայքը, ադրբեջանցի զինվորականները Մարտակերտ-Քարվաճառ մայրուղուց ուղիղ կրակ են բացել Չարեքտարի վանքի ուղղությամբ։ Հաջորդ օրը այդ հրետակոծության կադրերը հայտնվեցին սոցցանցերում։

Թե ինչ է սպասվում հայ ժողովրդի դարավոր սրբավայրերին՝ հաշվի առնելով ադրբեջանցիների բազմամյա ոտնձգությունները հենց նույն Գանձասարի և Դադիվանքի նկատմամբ, դժվար չէ կռահել։ Մանավանդ եթե նկատի առնենք, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները դժվար թե լուրջ ջանքեր գործադրեն դրանք փրկելու համար. բավական է ասել, որ մինչ օրս նախարարությունը, որն ի թիվս ամենի պետք է զբաղվի նաև մշակութային հարցերով, մի բառ անգամ չի ասել բռնազավթված տարածքի գանձերի մասին։

Միայն հոկտեմբերի 10-ին այդ մասին խոսեց ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը, և միայն հոկտեմբերի 12-ին փոխնախարարն անդրադարձավ այդ թեմային, այն էլ լոկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակության հետ հանդիպման առիթով։ Ոչ մի հայտարարություն այն մասին, որ հայ ժողովրդի մեծագույն սրբությունները լրջորեն վտանգված են, մինչ օրս չի հնչել, և ոչ մի գործնական քայլ չի ձեռնարկվել միջազգային հանրության ուշադրությունը խնդրի վրա հրավիրելու նպատակով:

Եվ եթե 44-օրյա պատերազմից հետո առաջին ամիսներին նման հայտարարություններ ժամանակ առ ժամանակ հնչում էին, ապա այնուհետ ԿԳՄՍՆ-ն իսպառ «մոռացավ» բարբարոսների տիրապետության տակ մնացած հուշարձանների մասին։ Գարեգին Նժդեհի դեմ «մաքառող» խանումին՝ Անդրեասյան ազգանունով, որն ամուսնու հետ հարմար տեղավորվել է իր սիրելի «վարչապետի» փափուկ մասերի տակ, չեն հետաքրքրում Դադիվանքը, Ծիծեռնավանքը, Գանձասարն ու Ամարասը։ Փոխարենը՝ նրան և ԿԳՄՍՆաշխատակիցներին անչափ հետաքրքրում է Հայաստանի տարածքում ադրբեջանական «ժառանգության» վիճակը, որի ուսումնասիրության համար, ինչպես վերջերս հայտնի դարձավ, պետական շռայլ դրամաշնորհ է հատկացվել։

Հասկանալի է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ին ապավինելն անիմաստ է.ՄԱԿ-ը, դատելով վերջին հայտարարություններից, ուղնուծուծով գնված է Ադրբեջանի կողմից, և այդ բոլոր «հեղինակավոր» կազմակերպությունների մինուսային արդյունավետությունն ակնհայտ է։ ՌԽԶ-ն, անշուշտ, ձախողել է իր գլխավոր առաքելությունը, բայց հայկական սրբավայրերի պահպանությունը ռուսների պարագայում կարող է բավական հարգելի պատճառ դառնալ Արցախում հետագա ներկայության համար: Եթե, իհարկե, նրանք իսկապես ցանկանում են դա: Ինչ վերաբերում է անհրաժեշտ իրավական հիմքերին, ապա դրանք որոշակի չափով առկա են։

2020 թվականի նոյեմբերի 14-ին Պուտինն Ալիևի հետ հեռախոսազրույցում ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Բաքվի վերահսկողության տակ անցած շրջաններում կան քրիստոնեական տաճարներ և վանքեր։ «Այդ առնչությամբ նա կարևորել է այդ սրբավայրերի պահպանության և եկեղեցական բնականոն կենսագործունեության ապահովումը։ Ադրբեջանի նախագահն այդ առումով ըմբռնում է դրսևորել և ասել, որ ադրբեջանական կողմը հենց այդպես էլ գործելու է»,-հայտնում էր Կրեմլի մամուլի ծառայությունը։ Թե իրականում ինչպես էր գործում ադրբեջանական կողմը, նշելն ավելորդ է։

Նույն օրը ռուս խաղաղապահները պաշտպանության տակ վերցրեցին Քարվաճառի շրջանում գտնվող Դադիվանքը, այնտեղ մնացին նաև Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականները: Այսօր հայ քահանաները լքել են տաճարը, պետք է ենթադրել, որ հեռացել են նաև ռուսները, և հայ ժողովրդի ամենասիրելի և պաշտելի տաճարներից մեկը լիովին հայտնվել է բարբարոսների տիրապետության տակ:

2020 թվականի նոյեմբերի 20-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտնեց, թե «ցանկանում է օգնել պահպանելու մշակութային ժառանգության օբյեկտները Լեռնային Ղարաբաղում և հատուկ առաքելություն ուղարկել այնտեղ»։ Կազմակերպության այդ ցանկությունն այդպես էլ մնաց թղթի վրա, քանի որ 3 տարվա ընթացքում դրա ղեկավարությունն անկարող գտնվեց թեկուզ մեկ անգամ թույլտվություն կորզել մտնելու Արցախի բռնազավթված տարածքներ, չենք խոսում արդեն մոնիտորինգի և հսկողության մասին։

Նույն թվականի նոյեմբերի 17-ին «Արխնաձոր» կազմակերպությունը դիմեց Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով խաղաղապահներ ուղարկել Ղարաբաղում մշակութային ժառանգության հուշարձանները պահպանելու համար։ Բաց նամակը ստորագրել էին մի քանի տասնյակ փորձագետներ, կովկասագետներ և քաղաքապաշտպաններ, կոչ անելով ՌԴ նախագահին միջպետական բանակցությունների թեմա դարձնել այդ օբյեկտների փրկության առաքելությունը: Նրանք առաջարկում էին նաև ԼՂՀ ուղարկել մշակութային ժառանգության մասնագետների, իսկ մինչ փորձագետների մեկնումը՝ մշտադիտարկման գործում ներգրավել խաղաղապահներին։

Այսօր բոլոր այդ հարցերը է՛լ ավելի արդիական են, քան 3 տարի առաջ, քանի որ բռնազավթված տարածքներում են հայտնվել շատ ավելի մեծ թվով հայկական հուշարձաններ, այդ թվում, կրկնեմ, ճանաչված գլուխգործոցներ։ Եթե Ռուսաստանը ցանկանում է մնալ Արցախում, ապա դրանց փրկությունն ու պահպանումը հրաշալի առիթ և հնարավորություն է քրիստոնյա երկրի համար՝ կատարելու իր առաքելությունը գոնե հայ ժողովրդի մշակութային ժառանգության մշտադիտարկման և պահպանության մասով:

Բայց տվյալ դեպքում շատ ավելի կարևոր ու որոշիչ հարց է. իսկ Հայաստանն ինքը ցանկանո՞ւմ է արդյոք փրկել և պահպանել իր սրբությունները, առանց որոնց անհնար է պատկերացնել մեր ազգի մշակութային, պատմական և հոգևոր ինքնությունը: