Արտաշատի մարզադպրոցում մնացել է ԼՂ-ից բռնի տեղահանված 2 ընտանիք

Արտաշատի մարզադպրոցի դահլիճում մնացել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված միայն 2 ընտանիք։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրառում է արել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը։

«Նրանք ևս առաջիկա օրերին կտեղափոխվեն,– նշել է ՏԿԵՆ մամուլի խոսնակը և գրառման մեկնաբանություններում ավելացրել,– այդ ընտանիքները առաջարկ ստացել են, բայց իրենք տարբերակ ունեն, որոշել են այդտեղ գնալ»։

Sputnik Արմենիան հոկտեմբերի 7–ին այցելել էր Արտաշատ քաղաքի կենտրոնում գործող մարզադպրոց, որտեղ մեկ հարկի տակ 104 մարդ էր տեղավորվել։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր հայտարարեց, որ Արտաշատի մարզադպրոցի դահլիճում է 1 ընտանիք է մնացել, մյուսներին տեղաբաշխել են։