Զոհված զինծառայողի կալանավորված քույրը խցում վատացել և ուշագնաց եղել

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Գևորգ Վիրաբյանի կալանավորված քրոջ` Տաթևիկ Վիրաբյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տաթևիկ Վիրաբյանը կալանավորվել է սեպտեմբերի 24-ին բռնության կոչեր հնչեցնելու համար։

«Երեկ ուշ երեկոյան կտրուկ վատացել է Տաթևիկ Վիրաբյանի առողջական վիճակը։ Այնքան է վատացել, որ խցում ուշագնաց է եղել։ Բժշկական միջամտությամբ Տաթևի վիճակը կայունացել է, այժմ նա քրեակատարողական հիմնարկի բժիշկների հսկողության տակ է»,– գրել է փաստաբանը։

Նա ընդգծել է, որ բժիշկը որոշել է հոգեբանի ներգրավել։

Բաբայանը շեշտել է` դիմել են նաև ՄԻՊ-ի արագ արձագանքմանը և ստացել անհրաժեշտ միջամտություն։

Հիշեցնենք, որ Տաթևիկ Վիրաբյանին կալանավորել են 2 ամիս ժամկետով։

Sputnik Արմենիա