ԿԽՄԿ-ն ավելի քան 100 քաղաքացու է գտել Արցախում ու տեղափոխել Հայաստան
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) սեպտեմբերի 29-ից սկսած ավելի քան 100 քաղաքացու է գտել Արցախում և նրանց տեղափոխել Հայաստան։ Այս մասին NEWS․am-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ-ի Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Տարբեր ընտանիքների դիմումների հիման վրա կազմակերպությունը գտել ու Հայաստան է տեղափոխել անձանց։ Մարդասիրական աշխատանքի արդյունքում նման դեպքեր ունեցել ենք։ Եվ նշված անձանց տեղափոխելու ցանկության դեպքում տեղափոխել ենք Հայաստան»,- նշեց Ամատունին։
Զառա Ամատունու խոսքով՝ նրանք այն մարդիկ են, որոնք ունեն հատուկ առողջական կամ տեղաշարժի հետ կապված խնդիրներ։
Նա նշեց, որ կազմակերպությունը Արցախում շարունակում է աշխատել և անհրաժեշտության դեպքում անդրադառնալ հարցերին, որոնք վերաբերում են մարդկանց կարիքներին։