Կապանում հանդիպում է տեղի ունեցել ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման վերաբերյալ

Կապանում այսօր Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու ՌԴ ԱԳՆ առաջապահ խմբի ղեկավարի Անդրեյ Շանինը հանդիպել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայությունը։

«Մանրամասն քննարկվել է Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը, որը զգալիորեն կհեշտացնի Հայաստանի հարավում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների համար հյուպատոսական ծառայությունների հասանելիությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ նոր գլխավոր հյուպատոսությունը կարևոր ներդրում կունենա հայ–ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդման և տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում։

Ընդգծվել է նաև, որ գլխավոր հյուպատոսությունը կնպաստի նաև երկու երկրների մշակութային-հումանիտար, առևտրատնտեսական և միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանը:

Ավելի վաղ գրել էինք, որ Մոսկվայում հայ-ռուսական փորձագիտական կլոր սեղանի ժամանակ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Պալտովը հայտնել Էր, որ Ռուսաստանի Դաշնությունը հյուպատոսություն կբացի ՀՀ Սյունիքի մարզում։

ՀՀ ԱԳՆ–ն դրական էր արձագանքել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը։

Sputnik Արմենիա