Վագիֆ Խաչատրյանը հրաժարվել է փաստաբան Նաթիգ Բեյբալաևի ծառայություններից
Ադրբեջանի իշխանությունների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը հրաժարվել է փաստաբան Նաթիգ Բեյբալաևի ծառայություններից։
Հիշեցնենք, որ Վ.Խաչատրյանը՝ Արցախյան առաջին պատերազմի մասնակիցը, առևանգվել էր ընթացիկ տարվա ամռանը Լաչինի միջանցքը ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ անցնելիս։ Մարտական գործողություններին մասնակցելու համար Ադրբեջանի իշխանությունները Խաչատրյանին ներկայացրել են առանձնակի ծանր հանցագործությունների կատարման մեղադրանք։ Չնայած ակնհայտ անօրինական գործողություններին, այդ թվում ԿԽՄԿ պաշտպանության տակ գտնվող մարդու առևանգմանը, Խաչատրյանը ոչ միայն ազատ չի արձակվել, այլև հայտնվել է դատապարտյալների նստարանին։
Ինչպես տեղեկացրել է APA-ն, այսօրվա նիստում Խաչատրյանը հայտարարել է, որ հրաժարվում է փաստաբան Նաթիգ Բեյբալաևի ծառայություններից։ Նոր փաստաբան է նշանակվել Ռադմիլա Աբիլովան։
News.am